Մատչելիության հղումներ

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ

Հայ-թուրքական բանակցություններում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը, արխիվ
Հայ-թուրքական բանակցություններում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը, արխիվ

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ազգային Ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, X-ում գրել է Քըլըչը՝ շարունակելով․ - Ավելի քան չորս տարի է, ինչ նրա հետ հաստատել ենք արդյունավետ աշխատանքային հարաբերություններ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր նոր դերում»։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության երեկվա նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

Թեկնածու ընտրվելուց հետո Ռուբինյանին ուղղված «Ազատության» հարցին, թե քանի որ նա ներգրավված է հայ-թուրքական բանակցություններում, հնարավո՞ր է այստեղ որևէ բան փոխվի, թե՞ ոչ, Ռուբինյանն արձագանքեց. «Չգիտեմ, չեմ մտածել, որովհետև հինգ րոպե առաջ է այդ որոշումը կայացվել, հինգ րոպեում չենք հասցրել այդ հարցին անդրադառնալ»:

Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումը 2022-ի հունվարին էր կայացել՝ Մոսկվայում։ Բանագնացները պարբերաբար հանդիպում են, սակայն գլխավոր խնդիրը՝ 30 տարուց ավելի փակ սահմանի վերաբացումը, մնում է չլուծված։


XS
SM
MD
LG