Մատչելիության հղումներ

«Օրենքը չէի՞ պահելու, եթե Ծառուկյանը ընտրությանը չմասնակցեր». Պապոյանը որոշումը «իրավական» է համարում, ԲՀԿ-ն՝ «քաղաքական»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իր որոշումը Էկոնոմիկայի նախարարը «իրավական գործընթաց է» համարում:

ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, որ նախօրեին իր որոշման մասին անձամբ էր տեղեկացրել ֆեյսբուքյան էջում, այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այն որևէ քաղաքական դրդապատճառ չունի, մասնակցեր Ծառուկյանը ընտրություններին, թե ոչ՝ միևնույն է, ինքը «օրենքը պահելու էր»:

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից՝ 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու արդյունքում: Նաև այդ որոշումն է Ծառուկյանի ուժը բողոքարկում է Սահմանադրական դատարանում:

«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ով է սեփականատերը և ինձ չի հետաքրքրում՝ ինքը մասնակցել է ընտրությանը, թե ոչ: Ինձ մի բան է հետաքրքրում՝ օրենքը պաշտպանվել է, թե ոչ: Սա բացարձակապես օրենքի պահանջի կատարում է և որևէ կերպ կապ չունի սեփականատիրոջ անձի հետ, ժամանակահատվածի հետ», - ասաց Պապոյանը:

«Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու նախարարի որոշումից տեղեկանում ենք, որ խաղատան ֆինանսական հաշվետվության և խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանություններ են հայտնաբերվել, ինչն, ըստ փաստաթղթի, որակվել է «կեղծ տվյալներ»:

ԲՀԿ-ում քաղաքական շարժառիթ են տեսնում

ԲՀԿ-ում, մինչդեռ, այս ամենում քաղաքական շարժառիթ են տեսնում: «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր թեկնածու Սուրեն Սուրենյանցը Ծառուկյանին պատկանող բիզնեսներում կատարվող ստուգումներն ու որոշումները կապում է ԲՀԿ առաջնորդի քաղաքականություն մտնելու հետ:

«Լողավազանի, «Արարատցեմենտ»-ի, «Շանգրի Լա»-ի խնդիրները, ամեն ինչ օքեյ կլիներ, եթե Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, չէ՞: Ինքը կհամարվեր խոշոր կապիտալի ներկայացուցիչ: Նույնիսկ կգտնվեին իշխանամետ պատգամավորներ, որ գուցե նրան բարերար տիտղոսով դիմեին», - նշեց Սուրենյանցը:

Դիտարկմանը, որ իրավապահները չարաշահումների մասին են բարձրաձայնում, ԲՀԿ պատգամավորի թեկնածուն հակադարձում է՝ իսկ ինչո՞ւ այդ խախտումների մասին միայն այս փուլում հիշեցին:

«Նախ, ես չեմ հավատում ՊԵԿ-ի և որևէ պետական մարմնի հաղորդագրությանը, որովհետև մենք տեսել ենք, թե ինչպես են բացահայտումներ անում, դրանք ավարտվում են զրո դատական ակտերով: Ինչի՞ հիմա հիշեցին, նշանակում է կա՛մ կոմպրոմատ են ունեցել, որը չեն դրել գործի մեջ, նայել են լոյալ կլինի իրենց հանդեպ, թե չէ, կա՛մ ընդհանրապես մտացածին հիմքերով գործ են սարքում: Ընդհանրապես մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ», - ասաց Սուրեն Սուրենյանցը:

Ինչո՞ւ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումները համընկան ընտրական գործընթացների հետ

ԲՀԿ առաջնորդին պատկանող բիզնեսներում ստուգումներ սկսվեցին նախընտրական ու նաև հետընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած կոշտ գնահատականներից ու զգուշացումներից հետո:

Նախ Գլխավոր դատախազությունը մայիսին հայտարարեց, թե ուսումնասիրել են «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և հայտնաբերել մի շարք խախտումներ, ինչի վերաբերյալ էլ քրեական վարույթ հարուցվեց: Իսկ վարչապետ Փաշինյանը խոսել էր ընկերությունը պետականացնելու մասին:

Նախորդ շաբաթ էլ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է դադարեցնել Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող «Մուլտի վելնես» կենտրոնի վարձակալության պայմանագիրը: Նախօրեին արդեն «Շանգրի լա»-ի լիցենզիան դադարեցվեց:

Թե ինչո՞ւ հենց հիմա սկսեցին խնդիրներ ի հայտ գալ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շեշտում է՝ կոնկրետ «Շանգրի լա» խաղատանը ստուգումները դեռ տարեսկզբին են սկսվել:

«Չե՞մ կարող օրենքով էն, ինչ լիազորված եմ անել, չանե՞մ, ի՞նչ է, ինչ-որ ժամկետների նայե՞մ, էն ինչ-որ օրենքով պարտավոր եմ անել, անում եմ և չեմ նայում դա ընտրություններից մի շաբաթ առաջ էր, թե մի շաբաթ հետո», - ընդգծեց նախարարը:

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը մինչդեռ վստահ է՝ ընտրական գործընթացներին մասնակցած ընդդիմադիր ուժերից ամենաշատն այսօր իշխանության թիրախում է հայտնվել հենց Գագիկ Ծառուկյանը մի պատճառով. «ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը մնացին Փաշինյանի կոկորդում, այս ընտրություններում ԲՀԿ-ն ակամայից դարձավ էն լակմուսի թուղթը, որը բացահայտեց ընտրությունները լեգիտիմ են, թե ոչ: Դա շատ դժվար է մարսել Նիկոլ Փաշինյանի համար»:

Կստվերվի՞ արդյոք Հայաստանի ներդրումային միջավայրը

Սուրենյանցը խիստ հավանական է համարում, որ իշխանությունը հաջորդ քայլով կկալանավորի Գագիկ Ծառուկյանին, այս գործողությունները, ընդդիմադիր գործչի համոզմամբ, շատ վատ ազդանշան կլինեն Հայաստանի բիզնես միջավայրի համար:

Մինչդեռ Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ ներդրումային դաշտը ստվերվում է այն դեպքում, երբ օրենք է խախտվում և պետությունն էլ դրա վրա աչք է փակում:

«Ներդրումային միջավայրի դրական լինելու համար շատ կարևոր է, որ օրենքները հավասար և անզիջում գործեն բոլորի համար», - ասաց Պապոյանը:

«Նույնիսկ եթե Ծառուկյանը հայտնվի բանտում, ոչ մի կոմպրոմիս իշխանության հետ չի լինելու»

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն վստահ է՝ նույնիսկ կալանավորվելու դեպքում Ծառուկյանը քաղաքականությունից դուրս չի գա:
Գագիկ Ծառուկյանը, անցած երկու տասնամյակներում քաղաքականության էջը բացելուց հետո կրկին փակել է՝ գործող իշխանության հետ առճակատումից հետո:

«Կանխատեսելիորեն՝ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, ոչ մի կոմպրոմիս իշխանության հետ չի լինելու», - պնդեց ԲՀԿ պատգամավորի թեկնածուն:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG