ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանք առաջադրելուն, ասաց, որ գործը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտին:
«Գործն այս պահին քննվում է, 19 թե 24 թվականի մասին է խոսք գնում նաև: Վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսքը, որը նախկինում է ըստ էության բացահայտվել, այդ գործով վաղուց քրեական գործ կա հարուցված, ու քննության արդյունքում եկել է մի կետի Քննչական կոմիտեն, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել», - ասաց Հակոբյանը՝ մանրամասնելով՝ ներմուծման և վաճառքի գործընթացում բացահայտվել են թաքցված հարկեր:
Ըստ ՊԵԿ նախագահի, խոսքը դիզվառելիքի մասին է:
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ու մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:
Լրագրողի հարցին՝ զուգադիպությո՞ւն էր, որ այդ կետին ՔԿ-ն եկավ հենց ընտրություններից հետո, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում այդպիսի զուգադիպություն կա»:
Լրագրողի դիտարկմանը, որ «քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին սպառնում էր քրեական պատասխանատվությամբ, արդյոք այս մեղադրանքը չենք կարող համարել նրա հայտարարության համատեքստում», ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Վարչապետը երբ ինչ-որ հայտարարություն է անում, ակնհայտ է, որ գիտի որոշ գործեր, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել: Բանական է, որ վարչապետը նման բաներ ասելուց ծանոթ է գործերին, և նմանատիպ հայտարարությունները բնական են»: