Մատչելիության հղումներ

Գլխավոր ինտրիգը՝ ԲՀԿ-ն կանցնի՞ արդյոք խորհրդարան

Ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո գլխավոր ինտրիգը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ է. կկարողանա՞ արդյոք ընդդիմադիր գործարարի կուսակցությունը վերահաշվարկների արդյունքում լրացնել պակասող ձայներն ու հաղթահարել պահանջվող չորս տոկոսի շեմը: Այս պահին «Բարգավաճ Հայաստան»-ն ունի 3.99 տոկոս քվե և չնչին տարբերությամբ դուրս է մնում ձևավորվող Ազգային ժողովից.

«Էնպիսի ընտրախախտում, որը արդյունքների վրա կազդի, նման խախտում չի եղել։ Այլ բան է, որ կողմնակից եմ, որպեսզի բոլոր ամենանվազագույն կասկածելի տեղամասերում, որ ինչ-որ պատճառով կասկածելի է, բոլոր նման տեղամասերում իրականացվի վերահաշվարկ...հասկանո՞ւմ եք, մի քաղաքական ուժի անցողիկ շեմն, ըստ էության, մի քանի ձայնով կարող է որոշվել, դրա համար մեզ հարկավոր է, որպեսզի մենք ունենանք գերճշգրիտ պատկեր»,- այսօր հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ն արդեն հայտարարել է, որ վերահաշվարկներ է պահանջելու, այժմ հստակեցնում են տեղամասերը:

Սակայն, եթե այս պատկերը չփոխվի, նոր խորհրդարանում ներկայացված կլինի քաղաքական երեք ուժ.

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների 49.82 տոկոսը՝ ապահովելով մանդատների որոշիչ մեծամասնությունը՝ 105 աթոռներից 64-ը: Սա բավարար է միայնակ իշխանություն ձևավորելու, ընդունելու այդ թվում սահմանադրական օրենքներ, սակայն նոր Սահմանադրություն ընդունելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դիմել ընդդիմադիրների օգնությանը: Արդեն հայտարարված Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելու համար նախնական հաշվարկներով՝ իշխանություններին պակասում է 6 մանդատ:

Երկրորդ տեղում հայտնված Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը հավաքել է 23 տոկոսից ավելի քվե, ինչի դիմաց գործարարի թիմակիցները կստանան պատգամավորական 29 մանդատ:

Խորհրդարանական գործող ամենամեծ խմբակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը շուրջ 10 տոկոս ձայն է ստացել: Նրանք կունենան 12 մադատ ներկայիս 29-ի փոխարեն: Այսպիսով, նախնական արդյունքներով Կարապետյան-Քոչարյան ընդդիմությանը խորհրդարանում կներկայացնի 41 պատգամավոր՝ իշխանության 64-ի դիմաց:

Նիկոլ Փաշինյանը մեծամասնությունը չի կորցնի անգամ, եթե Գագիկ Ծառուկյանին հաջողվի ապահովել պակասող ձայներն ու մտնել խորհրդարան: Ըստ խիստ նախնական հաշվարկների՝ այդ դեպքում ընդդիմադիր երեք ուժերը միասին կունենան 44 մանդատ ընդդեմ իշխանական 61-ի: Սակայն, եթե իրադարձությունները զարգանան այս սցենարով, «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը կթուլանան, խմբակցությունը կկորցնի 3/5 մեծամասնությունը՝ չկարողանալով միայնակ ընդունել սահմանադրական օրենքներ:

Մինչ Ծառուկյանը պատրաստվում է պայքարել անցողիկ շեմի համար, իշխանության ներկայացուցիչները նրա էջն արդեն փակված են համարում.

«Եռագլուխ հրեշի մի գլուխը կտրվեց, էն երկու գլխուխն էլ ընդամենը ժամանակի հարց է»,- ֆեյսբուքում տարածած տեսանյութում ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից բացի որևէ կուսակցություն չի մոտեցել անցողիկ չորս տոկոսին: Արման Թաթոյանը և Գուրգեն Սիմոնյանը մոտ երկուական տոկոսներով հաջորդում են իրար, մյուսները ավելի քիչ ձայներ են ստացել: Քաղաքական դաշտի հնաբնակներից Արամ Սարգսյանն ընդամենը 1 տոկոս ունի, Էդմոն Մարուքյանն ու Լևոն Զուրաբյանը դրանից էլ քիչ:

Թեև «Քաղաքացիական պայմանագիր»-ը հինգ տարի առաջվա ընտրություններից 39 հազար ավելի քվե է ստացել, սակայն նկատի ունենալով ընտրողների երեկվա ակտիվ մասնակցությունը, ստացվում է, որ կուսակցության հանդեպ վստահությունը նվազել է. 2021-ին «Քաղաքացիական պայմանագիր»-ն ուներ քվեների շուրջ 54 տոկոսը, այժմ՝ 50:

Հինգ տարում շեշտակի իջել է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի վստահության քվեն, եթե 2021-ին երկրորդ նախագահի օգտին քվեարկել էր ընտրողների 21 տոկոսը, ապա այս անգամ Քոչարյանը միայն 10 տոկոսին է մոտեցել:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG