Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը Նուբարաշենի բանտում հանդիպել է Օսիպյանին, կարևորել այլընտրանքային խափանման միջոցի հարցը քննարկելը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, նաև՝ հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի հետ։

Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին, նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը», - ասված է հաղորդագրությունում:

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճած Արթուր Օսիպյանը ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում, նրան մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։

Արցախցի Օսիպյանը հացադուլի մեջ է արդեն 23-րդ օրը: Այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է՝ խիստ ցանկալի է, որ նրա խափանման միջոցը փոխվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
XS
SM
MD
LG