Մատչելիության հղումներ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմել է ՍԴ

Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմել է Սահմանադրական դատարան:

«Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

«Հանուն Հանրապետությունը» հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում բարձրացնելու է «ընտրակաշառքի համակարգային ազդեցության հարցը՝ որպես ընտրությունների սահմանադրականության գնահատման առանցքային հիմքերից մեկը»։

Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Միասնության թևերը» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը:

Օրեր առաջ հայտարարվել էր, որ ընդդիմադիր հինգ ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը և «Միասնության թևեր»-ը։

Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

ՍԴ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

XS
SM
MD
LG