Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մանրամասներ է ներկայացրել է իր հայ գործընկերներին ուղղված նամակից, որտեղ Մոսկվան զգուշացրել էր, թե կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։
«Ռուսաստանը դեռևս այդ նամակի պատասխանը չի ստացել», - «Վեդոմոստի» պարբերականին ասել է Ցիվիլևը՝ հավելելով. - «Նամակում մեր դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Հայաստանը ստանում է և՛ նավթ, և՛ գազ բավականին շահավետ գներով։ Իհարկե, նույն գազի գինը Եվրոպայում բազմակի բարձր է»։
Նախարարը պնդել է, թե ռուսական կողմը նախազգուշացրել է Հայաստանին հնարավոր զարգացումների մասին. - «Ուստի ես գրել եմ իմ գործընկերոջը, որ բոլորը նախապես իմանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ և նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն»։
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաստատեց, որ Երևանում ստացել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակը, ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի, «փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»: