Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Իրանը վերջին երեք օրում երկրորդ անգամ հարվածել են միմյանց

Նավեր Հորմուզի նեղուցում
Նավեր Հորմուզի նեղուցում

Չնայած հրադադարին՝ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երեք օրում երկրորդ անգամ հարվածել են միմյանց: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում հարվածել են անօդաչուների արձակման կայանի, նաև խոցել հարձակողական անօդաչուներ:

Նշվում է, որ թիրախը, որը պատրաստվում էր հերթական անօդաչուն արձակել, «սպառնալիք էր Հորմուզում ԱՄՆ ուժերի և առևտրային նավագնացության համար»:

Իրանական Tasnim գործակալությունը, ռազմական աղբյուրին հղումով, հայտնել է, որ իրանական ռազմածովային ուժերը մինչ այդ կրակել էին նեղուցն անցնել փորձող ամերիկյան նավթատար նավի ուղղությամբ և ստիպել հետ գնալ: Եվ դրանից հետո ԱՄՆ զինուժը հարվածել է Բանդար Աբբասին:

Իրանական այլ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ չորս նավ է փորձել անցնել նեղուցը, որոնց բոլորին իրանական զինուժը ստիպել է հետ գնալ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրենք վերահսկում Հորմուզը, որտեղով անցնելու համար Իրանի թույլտվությունը պարտադիր է: Առանց այդ թույլտվության նեղուցն անցնելու ցանկացած փորձ «վճռական պատասխան» կստանա։ Կորպուսի փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում Թեհրանի հետ համակարգմամբ 26 նավ է անցել նեղուցը:

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակմանն ի պատասխան հարվածել է նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներից մեկին՝ չհստակեցնելով, թե որին: Ավելի ուշ Քուվեյթը, որտեղ ԱՄՆ-ն մի քանի ռազմաբազա ունի, հայտարարել է, որ հրթիռային հարձակման է ենթարկվել: Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ Քուվեյթում ամերիկյան զինուժը հաջողությամբ որսացել է իրանական հրթիռը, իսկ հարձակումը «հրադադարի կոպիտ խախտում» է որակել։ Ծոցի մի շարք երկրներ դատապարտել են Քուվեյթի վրա հարձակումը:

Իրանի գերագույն առաջնորդը, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո չի երևացել հանրությանը, հերթական գրավոր ուղերձում ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանում ներքին պառակտում ստեղծելու փորձերի համար: Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին իրանցիներին «ազգային միասնության» և համախմբվածության կոչ է արել:

«Թշնամու կույր ծրագիրը պարտադրված պատերազմից, տնտեսական ճնշումից և քաղաքական ու քարոզչական պաշարումից հետո պառակտում և քայքայում սերմանելն է՝ ռազմական պարտությունները փոխհատուցելու և ազգը ծնկի բերելու համար»։

Թրամփը դեռ գոհ չէ Իրանի հետ հնարավոր համաձայնագրից

Իսկ ամերիկա-իրանական խաղաղության բանակցություններում այս պահին շատ հստակություն չկա: Դոնալդ Թրամփը կառավարության նիստին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ գոհ չէ Իրանի հետ հնարավոր համաձայնագրից և չի պատրաստվում մեղմել պատժամիջոցները: ԱՄՆ նախագահը շեշտել է՝ ոչ մի երկիր, այդ թվում՝ Իրանի հարևան Օմանը, չպետք է վերահսկի Հորմուզի նեղուցը:

«Նեղուցը բաց կլինի բոլորի համար: Դրանք միջազգային ջրեր են։ Մենք կհետևենք նեղուցի շարժին, բայց ոչ ոք չի վերահսկելու այն... Իսկ Օմանը կվարվի ինչպես բոլորը, այլապես ստիպված կլինենք պայթեցնել նրանց», - նշել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ պետքարտուղարն էլ ասել է, թե Իրանի հետ խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց կա և առաջիկայում պարզ կլինի՝ հնարավո՞ր է առաջ շարժվել: Մի բան, սակայն, հաստատ է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ասել է Մարկո Ռուբիոն:

«Եթե վերջին իրադարձություններն ինչ-որ բան ցույց տվեցին, ապա դա այն է, որ դրանք մեզ ևս մեկ անգամ հիշեցրին, որ Իրանն աշխարհում ահաբեկչության առաջատար հովանավորն է։ Եվ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», - նշել է նա։

Իրանից հայտարարում են՝ Վաշինգտոնի հռետորաբանությունը չի ստիպի Թեհրանին հրաժարվել ուրանը հարստացնելու

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Վաշինգտոնի հռետորաբանությունը չի ստիպի Թեհրանին հրաժարվել ուրանը հարստացնելու, Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունքից և պատժամիջոցները չեղարկելու պահանջից:

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերի Քանիի պնդմամբ էլ՝ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների ապասառեցնի իրանական բոլոր սառեցված ակտիվները և վերադարձնի դրանք Թեհրանին:

Այս ընթացքում Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանում։ Այսօր հարվածել են Նաբաթիե, Սիդոն և Տիր քաղաքներին, նաև մայրաքաղաք Բեյրութին, կան զոհեր և վիրավորներ։ Բանակը հայտնել է, որ շարժման 135 թիրախ է խոցել: «Հեզբոլա»-ն պատասխան հարվածներ է հասցրել, զոհվել է իսրայելցի մեկ զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:





Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG