Իրանի հետ կա՛մ հրաշալի և իմաստալից համաձայնագիր կկնքվի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփի հայտարարությունից ժամեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղարն էր հայտարարել՝ ԱՄՆ-ն կա՛մ լավ գործարք կկնքի Իրանի հետ, կա՛մ հարցը կկարգավորի «այլ» ճանապարհով: Մարկո Ռուբիոն, սակայն, շեշտել էր՝ Վաշինգտոնն ամեն ինչ կանի հակամարտությունը դիվանագիտությամբ լուծելու համար։ Նա նաև ասել էր, որ սեղանին դրված է բավականին հստակ և հիմնավոր առաջարկ, որով Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, և կոնկրետ ժամկետում բանակցի միջուկային հարցի շուրջ:
«Բոլորս պետք է շատ վստահ լինենք, որ … կա՛մ կունենանք լավ համաձայնագիր, կա՛մ ստիպված կլինենք այլ կերպ վարվել։ Մենք կնախընտրեինք լավ համաձայնագիր ունենալ», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Բաղայի. Թեհրանը բանակցում է պատերազմն ավարտելու շուրջ, միջուկային ծրագրի հարցը չի քննարկվում
Մինչ այդ Իրանը հաստատել էր, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրի որոշ հարցերի շուրջ սկզբունքորեն համաձայնել են: Սակայն, ըստ Արտգործնախարարության խոսնակի, դա դեռ չի նշանակում, որ Թեհրանը մոտ է փաստաթղթի ստորագրմանը:
Էսմայիլ Բաղային նշել էր, որ Թեհրանը բանակցում է պատերազմն ավարտելու շուրջ, միջուկային ծրագրի հարցը, սակայն, չի քննարկվում. դա և այլ թեմաներ կբանակցվեն հրադադարին հաջորդող 60-օրյա ժամկետում, եթե հուշագիրը վերջնականապես համաձայնեցվի։
Բաղային շեշտել էր, որ հուշագրում որևէ մանրամասն չկա Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ, որը, ըստ նրա, Իրանի և Օմանի որոշելիքն է, քանզի նեղուցն այս երկրների տարածքային ջրերում է:
«Եվ այս փուլում մենք չենք քննարկում միջուկային հարցի մանրամասները... Իսկ թե ինչպես կկարգավորվի Հորմուզի նեղուցը, դա հարց է, որը լիովին կախված է նեղուցի ափամերձ պետություններից», - նշել է Բաղային։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ քննարկվող գործարքը վերջնական կարգավորում չէ. այն առաջարկում է 60-օրով երկարաձգել հրադադարը, վերաբացել Հորմուզի նեղուցը, իսկ միջուկային հարցը թողնվում է ապագային:
New York Times-ը, իր աղբյուրին հղումով, գրում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը նախնական համաձայնության են եկել պատերազմն աստիճանաբար ավարտելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ: Ըստ թերթի, սակայն, ամենազգայուն հարցերը դեռ լուծված չեն: Սպիտակ տնից էլ ասել են, որ համաձայնագիրը 95 տոկոսով բանակցված է:
Փեզեշքիան. «Պատրաստ ենք բանակցությունների»
Մինչ այդ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աշխարհին հավաստիացնել, որ «չի ձգտում միջուկային զենք» ունենալ և Իսրայելին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու համար:
«Մենք պատրաստ ենք բանակցությունների… պատրաստ ենք աշխարհին հավաստիացնել, որ չենք ձգտում միջուկային զենք ունենալ։ Մենք չենք ձգտում ապակայունացնել տարածաշրջանը։ Տարածաշրջանում ապակայունացնող ուժը Իսրայելն է», - ասել է Մասուդ Փեզեշքիանը:
Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարումը Թեհրանի «օրինական իրավունքն» է և նպատակ ունի ապահովել երկրի անվտանգությունը։ Մոհսեն Ռեզային զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն հարձակվի Հորմուզի նեղուցի վրա և մտնի Պարսից ծոց, ապա ցավոտ պատասխան կստանա:
«Հորմուզի նեղուցի կառավարումը մեր օրինական իրավունքն է… Ինչո՞ւ պետք է Իրանը լինի Հորմուզի նեղուցի կառավարիչը։ Որովհետև մենք չենք ուզում ռազմական ներխուժում Պարսից ծոց։ Մենք կանգնեցրել ենք այդ ներխուժումը», - ընդգծել է նա:
Ու մինչ պարզ չէ, թե երբ և արդյոք Վաշինգտոնին ու Թեհրանին կհաջողվի համաձայնեցնել մյուս հարցերը, Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանի աջակցությունը վայելող Լիբանանի հարավին, կան զոհեր: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխանել է, ինչի հետևանքով իսրայելցի մեկ զինվոր է սպանվել: