Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանին Ղարաբաղի թեմայով հարց տալուց ու քննադատելուց հետո ձերբակալված Արթուր Օսիպյանին քննչականը մեղադրանք է առաջադրել միանգամից երեք հոդվածներով. խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար։
Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ՝ քննչականը Արցախից տեղահանված տղամարդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ բառի ու արարքի համար է արցախցի Արթուր Օսիպյանը հայտնվել ճաղերից այն կողմ: Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց հետո: Հարցն այնքան էր հունից հանել Փաշինյանին, որ անցավ կոպիտ արտահայտությունների: Փաշինյանին դիմած Օսիպյանը կոշտ վիրավորանքների ու գոռգոռոցի էր արժանացել. վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել ղարաբաղյան պատերազմում:
«Ականատես» դիտորդական առաքելությունը առերևույթ չհիմնավորված և անօրինական» է որակել Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նրան առաջադրված մեղադրանքները և կալանավորման միջնորդությունը։ Դիտորդները կոչ են արել իրավապահներին «առաջնորդվել բացառապես իրավունքի գերակայության, օրինականության և համաչափության սկզբունքներով, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական գործընթացների նկատմամբ որևէ միջամտության կամ ազդեցության տպավորություն ստեղծող գործելակերպից»։