Քարոզարշավի չորրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի փողոցներով շարժվեց դեպի Էրեբունի վարչական շրջան: Թեև նրան ուղեկցում են մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, բայց քարտեզ, բուկլետ ու թխվածքաբլիթ բաժանելու գործը հիմնականում Նիկոլ Փաշինյանինն է: Մեկ բուկլետը վերցնում են լուռ, մեկ՝ շնորհակալական խոսքեր ասում:
Էրեբունի վարչական շրջանում վարչապետին հանդիպածներից մի կին հուզված էր՝ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանին տեսել էր 2018 թվականին: Այս տարիներին հանդիպելու հնարավորություն չի ունեցել, բայց դրանից սերը չի պակասել:
Մեկ այլ կին էլ նախ վերցնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքից քարտեզը, հետո վերադարձնում՝ այնտեղ չկա Արցախը, Ամարասը: Հայաստանի եկեղեցիներից մեկում մոմ վառելու առաջարկից հետո Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ զրույցն արագ է ավարտում:
Պակաս վրդովված չէր մեկ այլ քաղաքացի: «Մի բուռ էինք, դարձանք կես բուռ, - ասում է ու հետո ձևակերպում իր առաջարկը Նիկոլ Փաշինյանին. - մենակ հող մի տվեք, թե չէ Ձեզանից բողոք չկա»:
Այստեղ Նիկոլ Փաշինյանը փորձում է բացատրել՝ պետություն չենք ունեցել մինչև 1918 թվականը, պետք է ուրախանալ 29 հազար 743 քառակուսի կմ-ով և չմտնել պատմական արդարության դաշտ: Ի պատասխան՝ կինը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է՝ Ջերմուկի դիրքերում նստած են ադրբեջանցիները: Ինչո՞ւ վարչապետը չի պահանջում Իլհամ Ալիևից, որ ադրբեջանական զորքը դուրս բերի այնտեղից. «Իրենք որ մի բան Ձեզ պարտադրում են, Դուք ինչի՞ չենք ասում՝ դուք էլ մեր Ջերմուկից դուրս եկեք»:
Սահմանազատման կանոնակարգը կա, վարչապետը քաղաքացուն հիշեցնում է այդ փաստաթղթի ընդունման ու վավերացման մասին: Հենց դրանով էլ կլուծվի հարցը, շարունակում է Փաշինյանը, որից հետո քաղաքացին կրկնում է հորդորը. «Մենակ հող մի տվեք»:
«Լսեցի՝ Տավուշում, որ ասացիք Ղարաբաղը մերը չի, ես էլ ինֆարկտ տարած եմ, լսում ու վատանում եմ», - ասաց կինը:
Վարչապետի քարոզչական օրը մերթընդմերթ ընդմիջվում է կուսակցական երգ ու պարով: Նվագախումբը Նիկոլ Փաշինյանից մի ոտք շուտ է հասնում շենքերի բակ, որ նրան դիմավորի՝ ծափերով և «Նիկո՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով:
Վարչապետին ծափահարողները երբեմն էլ դժգոհում են, օրինակ՝ այստեղ մի կին ներկայացավ որպես կազմակերպիչ և ասաց՝ սցենարով վարչապետը պետք է բարձրանար խաղահրապարակի աստիճաններին, ինչո՞ւ շեղվեց:
Էրեբունու այգիներից մեկում Նիկոլ Փաշինյանը նաև լրագրողների հարցերին պատասխանեց: Պնդեց՝ իր տպավորությամբ՝ անգամ 2021 թվականին նման աջակցություն չունեին. «21-ի հետ որ զուգահեռ անցկացնենք, մեր ընտրական գործերի վիճակը էականորեն ավելի լավ է, շատ ավելի լավ է, անհամեմատելիորեն ավելի լավ է»:
Ճեպազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի հետ նկարվելու համար սպասում էր մոտ 20 երեխա: