Մատչելիության հղումներ

Զայրացած վարչապետը, հանգուցյալ համակիրն ու համով լավաշը. ՔՊ-ի քարոզարշավի 2-րդ օրը Սյունիքում

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկրորդ օրը կրկին Սյունիքում է, առաջին կանգառն էլ Ագարակ համայնքը: Հանդիպած առաջին քաղաքացին ստացավ բուկլետն ու քարտեզը, հետո փորձեց վարչապետին հիշեցնել՝ նախկինում ևս վարչապետը իրենց տանը եղել է, տեսակցել տատիկին: Մինչ Փաշինյանը փորձում էր հիշել, տղամարդը հավելեց՝ տատիկն էլ չկա:

Մեկ այլ տանն էլ հանգուցյալը Փաշինյանի երկրպագուն էր, մահացածի մասին այդպես պատմեցին վարչապետին:

Ագարակում գրեթե պատրաստ է դիահերձարանը, Նիկոլ Փաշինյանին բնակիչներից մեկը մոտեցավ, որ շնորհակալություն հայտնի դիահերձարանի կառուցման համար: Երկու տարի առաջ էր վարչապետը խոստացել ագարակցիներին կառուցել այն: Այս համայնքում իրականացված աշխատանքը ներկայացնելիս վարչապետը չմոռացավ, որ ավարտին է մոտենում շինարարությունը: Միայն թե մի խնդիր կա, չեն կողմնորոշվում՝ բացումն ինչպե՞ս անել:

Ագարակի փողոցներում Փաշինյանը փորձում է հնարավորինս շատ մարդկանց բաժանել քարոզչական բուկլետներն ու Հայաստանի քարտեզը: Նրան մոտեցածներից մեկը ջերմորեն ողջունեց Փաշինյանին, հետո նեղսրտած նայեց շուրջը՝ ինչո՞ւ են մարդիկ փողոցներում քիչ:

Քարոզչական օրն Ագարակում ուղեկցվեց նաև տներ մտնելով: Տներից մեկում, օրինակ, վարչապետին շնորհակալություն հայտնեցին, որ նրա տիկին Աննա Հակոբյանն աջակցել է իրենց բիզնեսին: Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը մինչև այս պնդում էին, թե «Իմ քայլը հիմնադրամը» ոչ մի կապ չունի «Քաղաքացիական պայմանագրի» և քաղաքականության հետ:

Ագարակում վարչապետը նաև զայրանալու առիթ ունեցավ, զինվորական ներկայացած մի տղամարդը փորձում էր դիրքերում եղած ինչ-որ խնդրից խոսել: Նիկոլ Փաշինյանին նրա շարժուձևը դուր չեկավ, նախ հորդորեց զգաստ կեցվածք ընդունել, հետո կտրուկ որոշման գնաց՝ Պաշտպանության նախարարին առաջարկեց զորացրել նրան:

«Պապիկյան, այդ զինվորականին զորացրիր, թող գնա, ինքը ի վիճակի չի ծառայության: Եթե զինվորական է, զորացրի, թող գնա, չգիտեմ՝ ինչ ա օգտագործած, խմած ա, քաշած ա, ինչ ա, տենց զինվորներ մեր բանակին պետք չեն», - ասաց Փաշինյանը:

Հաջորդ կանգառը Մեղրին էր, այստեղ վարչապետը հասավ քաղցած: Լավաշը մի քիչ չոր է, բայց գոհ է վարչապետը ուտելիքից, հրավիրում է նաև Ալեն Սիմոնյանին: Ազգային ժողովի նախագահը շատ արագ է հրաժարվում՝ պատճառաբանելով, թե սոված չէ:

Բուկլետ, քարտեզ ու քաղցրավենիք Նիկոլ Փաշինյանը բաժանեց նաև Քաջարանում, Կապանում:

Կապանում անցկացված հանրահավաքում վարչապետը հայտարարեց՝ «Սյունիքի հարց գոյություն չունի»: «Սյունիքը եղել է կա ու կլինի անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս, 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո որևէ մեկը չի կարող որևէ կերպ դա դնել կասկածի տակ»:

«Ի՞նչ խոսք։ Մենք ընդունում ենք և ասել ենք, որ մենք ունենք նաև որոշակի տարածքների խնդիրներ, բայց այդ տարածքների խնդիրն էլ դե յուրե լուծված է և դե ֆակտո լուծումն ընդամենը ժամանակի հարց է, որովհետև 2024 թվականին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը իրավական պարտադիր ուժ ունի և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ սա նշանակում է, որ Խորհրդային Միության ժամանակ այն, ինչ եղել է Խորհրդային Հայաստանի տիրապետության տակ, անվերապահորեն լինելու է ՀՀ տիրապետության ներքո:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG