Մատչելիության հղումներ

Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. Հեգսեթ

Իրանը չի վերահսկում Հորմուզը, իսկ նեղուցում իր գործողություններով ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե վերսկսել պատերազմը, այլ պաշտպանել առևտրային նավերին, նեղուցը վերաբացելու գործողության՝ «Ազատություն նախագծի» մեկնարկից մեկ օր անց հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Պենտագոնում հրավիրված մամուլի ասուլիսում Փիթ Հեգսեթն ասել է, որ ամերիկյան երկու ռազմանավ անցել են նեղուցը՝ առևտրային նավերին ցույց տալով, որ այդ ճանապարհն ապահով է: Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա փակել ջրային այս կարևոր ուղին և այն որպես զենք օգտագործել ողջ աշխարհի դեմ: ԱՄՆ-ն կպաշտպանի առևտրային նավագնացությունն իրանական ագրեսիայից,- ասել է նա։

«Իրանը չափազանց երկար ժամանակ հետապնդում է նավերին՝ կրակելով բոլոր երկրների քաղաքացիական լցանավերի վրա և փորձում է պարտադրել վճարովի համակարգ։ Իրանի ծրագիրը միջազգային շորթման ձև է և անընդունելի։ Այն կավարտվի «Ազատություն նախագծով»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն մեծ քանակի ռազմական տեխնիկա է տեղակայել նեղուցում, որոնք շուրջօրյա հսկողություն կապահովեն առևտրային նավերի համար, բացառությամբ իրանական նավահանգիստներից եկողների, որոնց շրջափակումը կշարունակվի: Նա նաև զգուշացրել՝ Իրանը լուրջ հակահարված կստանա, եթե հարձակվի առևտրային նավերի վրա:

Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով իրանական Fars գործակալությանն ասել է, որ ԱՄՆ առաջարկած երթուղում խութեր կան, ծովը խորը չէ և այդտեղով երթևեկելը վտանգավոր է: Աղբյուրը հայտնել է, որ երկու առևտրային նավ, որոնք փորձել են անցնել այս երթուղով, արդեն արգելափակվել են: Վերլուծաբաններն էլ նշում են, որ սա չի լուծի խնդիրը, քանզի ԱՄՆ-ն չի կարող ուղեկցել բոլոր նավերին:

Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան երկու ռազմանավերը, որոնք Հորմուզի նեղուցով մտել են Պարսից ծոց, ճանապարհին հարձակման են ենթարկվել Իրանի կողմից: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս գործողության ժամանակ ԱՄՆ զինուժն իրանական յոթ մոտորանավակ է խոցել: Իրանական պետական Tasnim-ը հերքել է նրա հայտարարությունը՝ նշելով, որ երկու փոքր բեռնատար նավ է խոցվել, ինչի հետևանքով հինգ քաղաքացիական անձ է սպանվել։

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է՝ Իրանը «կվերանա երկրի երեսից», եթե Հորմուզի վերաբացման ընթացքում հարձակվի ամերիկյան նավերի վրա: Ֆինանսների նախարարն էլ զգուշացրել է՝ եթե Իրանը ցանկանում է սրել իրավիճակը, ԱՄՆ-ն պատրաստ է դրան:

«Այստեղ սադրողը մենք չենք։ Բայց եթե իրանցիները ցանկանում են սրել իրավիճակը, մենք պատրաստ ենք դրան։ Սա փորձություն է Իրանի համար։ Նրանք ծովահենների մի ամբողջ խումբ են»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Հորմուզում իրանական և ամերիկյան զինուժի միջև երեկվա բախումից հետո Իրանի արտգործնախարարը զգուշացրել է, որ Հորմուզը վերաբացելու գործողություններով ԱՄՆ-ն կրկին ներքաշվում է ճահճում: Աբբաս Արաղչին նշել է, որ Հորմուզի իրադարձություններից ակնհայտ է դառնում, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Իսկ ջրային ուղին բացելու՝ ԱՄՆ «Ազատություն» նախագիծը տանում է փակուղի, նշել է նա:

«Մինչ բանակցություններում առաջընթաց է գրանցվում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որ չարախոհների կողմից կրկին չներքաշվի ճահճում։ Նույնը պետք է անի նաև Արաբական Միացյալ Էմիրությունները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Իրանի խորհրդարանի խոսնակն էլ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է հրադադարը խախտելու և շրջափակման միջոցով Հորմուզում նավագնացությունը վտանգելու համար։ «Մենք լավ գիտենք, որ ստատուս քվոյի շարունակությունն անհանդուրժելի է Ամերիկայի համար, և մենք դեռ չենք էլ սկսել մեր անելիքները»,- սոցցանցում գրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ «չարագործությունները կնվազեն»։

Իրանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում, Al Jazerra-ին ասել է, որ երեկ Արաբական Միացյալ Էմիրություններին և Հարավային Կորեային պատկանող նավերի և Ֆուջեյրա նավթային նավահանգստի հարձակումները պլանավորված չէին և Հորմուզում ԱՄՆ «արկածախնդրության» ուղիղ հետևանքն են:

Ու մինչ իրավիճակը Պարսից ծոցում կրկին լարվել է, իսկ հակամարտության հանգուցալուծման հեռանկարը մշուշոտ է, Իսրայելը շարունակում է Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները: Վերջին մեկ օրում 17 մարդ է սպանվել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG