Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նախօրեին երկրի հարավում Իսրայելի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ինչը Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև մեկ շաբաթ առաջ ուժի մեջ մտած հրադադարից ի վեր ամենամահաբեր օրն է։
Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ փխրուն հրադադարի ֆոնին Իսրայելի բանակն իր կողմից օկուպացված «բուֆերային գոտուց» դուրս գտնվող յոթ բնակավայրերի բնակիչներին զգուշացրել էր լքել քաղաքները։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ զոհերի թվում երկու երեխա և երկու կին կա, հաղորդվում է 37 վիրավորի մասին: Իսրայելը հայտարարել է, որ իր զինվորներից մեկը զոհվել է։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ իրենց «պարտավորեցնում է Իսրայելի, իրենց զինվորների, իրենց համայնքների անվտանգությունը»։
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ապրիլի 23-ին կայացած հանդիպման ժամանակ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը: