Իշխանական պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ կուսակցի՝ Հայկ Սարգսյանի հրապարակած զորակոչի մտահոգիչ թվերի հետ, համաձայն չէ, բայց խոստովանում է՝ թվերից տեղյակ չէ. «Ճիշտն ասած թվերից ես տեղյակ չեմ»
«Քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է։ Քո զորքի թիվը 44000-ից 14 տարում իջել է 14000», - ասել է Հայկ Սարգսյանը:
Զորակոչից խուսափողների համար խստացնող ու ծառայողների համար խրախուսող կարգավորումներ էր առաջարկում պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա նախագիծը երեկ խորհրդարանական հանձնաժողովում մերժվեց, և պատգամավորը նախ նիստում վրդովվեց. «Այն, որ թշնամին պիտի միլիարդներ ծախսեր, որ մեր զորքը 30 տոկոսով պակասի, դուք դա արել եք անվճար»։
Հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Դու տալիս ես, քո բանակի աչքն ես հանում»։
Անցյալ տարի 2811 հոգի հրաժարվել է քաղաքացիությունից բանակ չգնալու համար։ Երևանում ապրող յուրաքանչյուր 1000 զորակոչիկից 100-ն է բանակ գնում։ Հիմնական բեռը մարզերի վրա է։ Իրավիճակը պատգամավորը մտահոգիչ, կրիտիկական, աղետալի բառերով էր ներկայացնում։ Ամեն տարի ավելի ու ավելի քիչ են ծառայության մեկնողները։
«Որ հիմա հնարավորություն ունենամ, կարող է լացեմ էլ էլի, որովհետև անընդունելի է դա։ Չի կարող այդպիսի բան լինել», - ասել է Հայ Սարգսյանը։
Գագիկ Մելքոնյանը կարծում է, եթե այնուամենայնիվ զորակոչիկների թիվը նվազել է, ուրեմն ժողովուրդը Հայաստանից գնացել է, և ութ տարի կառավարող թիմի ներկայացուցիչը գիտի ում մեղադրել. «Հարցրեք նախկին ղեկավարությանը»:
Մելքոնյանի թիմակից ու պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը զորակոչի վիճակը մտահոգիչ է համարում, վստահ է՝ մի քիչ ժամանակ կանցնի ու կառավարության իրականացրած փոփոխությունները կշտկեն վիճակը. «Հիվանդությունների ցանկն է փոփոխվել, որով ազատվում էին զինծառայությունից, սա մեկ»։
Պարտադիր ծառայության ժամկետը երկու տարուց մեկուկես տարի դարձնելը համարում է լավ խթան, որ չխուսափեն ծառայելուց։
Եվ ըստ պատգամավորի, խաղաղության պայմանագիրը, որ չի ստորագրվել, կօգնի, որ բանակից փախչողների թիվը կրճատվի. «Այս ամեն ինչը նպաստելու է, որպեսզի մարդիկ զարտուղի ճանապարհներով չփորձեն ազատվել զինծառայությունից։ Իսկ որպեսզի մենք հասկանանք, թե արդեն վիճակը ինչքանով է բարելավվել, պետք է սպասենք»։
Պաշտպանության նախարարությունն է այսօր արձագանքել պատգամավոր Սարգսյանի հնչեցրած թվերին, թե զորակոչիկները 14 տարում 14000 են դարձել՝ 44000-ից:
«2022 թվականի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25.3%-ով։ Նմանատիպ ապա տեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ», - ասված է ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունում:
Պաշտպանական գերատեսչությունը պատգամավորի հնչեցրած թվերը զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ է համարում ու ընդգծում, որ զորակոչի զորահավաքի թվերը գաղտնագրված են։
«Իշխանությունը անվտանգության հետ կապված մրցավազքում կարմիր գիծ, սահման չի ճանաչում». Գեղամ Մանուկյան
«Ինքնին ամբողջ իշխանությունը այս բանակի, անվտանգության հետ կապված մրցավազքում կարմիր գիծ, սահման չի ճանաչում։ Նույն այս թվերը, որ հրապարակում էր Հայկ Սարգսյանը, 2025-ին հանձնաժողովում ես եմ խնդիրը դրել, որ սա գաղտնիք է, պետական գաղտնիք է։ Ես, որ հրապարակեի, հաջորդ օրը Ազգային անվտանգությունից մինչև ռազմական ոստիկանություն մեր դռան դեմը հերթ էին կանգնել», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը թվերով չի խոսի։ Շեշտում է զորակոչվածների թվաքանակի ավելացումը, որի մասին գերատեսչությունն է խոսում հիվանդությունների ցանկի կրճատման արդյունք է:
«Առողջության հետ կապված, հիվանդությունների ցանկի պակասեցման հետ կապված զորակոչում առաջընթաց կա։ Բայց նաև Հայկ Սարգսյանը երեկ ուղղակի պատռեց այս իշխանության դեմքը՝ Նիկոլ Փաշինյանի, Պապիկյան Սուրենի։ Երբ որ մենք հակադրում էինք, որ մեկուկես տարվա ծառայությունը դուք պետք է հիմնավորեք, որովհետև դա բանակի թվի վրա ազդում է, երդում-պատառ են ուտում, որ չի ազդում։ Երեկ Հայկ Սարգսյանը պարզ ասեց, որ սուտ են խոսել իր կուսակիցները», - ասաց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը կասկած չունի զինծառայության ժամկետի կրճատումը խորացնելու է խնդիրը: Պոպուլիստական քայլ էր քվե մուրալու համար, անտեսելով անվտանգային ռիսկերը, վստահ է պատգամավոր Մանուկյանը, այսօր ասում է առաջնագծում զինվորները ամիսներով են մնում, փոխարինողներ չունեն։
«Երկուսուկես, երեք ամիս զինվորը մարտական հերթապահության մեջ է, ասել եմ դուք կյանքում տեսել եք 15 օրից ավել, որ զինվորը մարտական հերթապահություն իրականացնի ու նաև դեպքերը, որ բանակում լինում են, նաև դրա հետևանքով են», - նշեց նա։