ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այսօր հանձնաժողովում տապալվեց: Իշխանական անդամները դեմ քվեարկեցին իրենց կուսակցի նախագծին:
Հայկ Սարգսյանի այս նախագիծը, որով առաջարկվում է փողի դիմաց կարճ ծառայել կամ չծառայել, կառավարության նիստում անցած տարի հավանության էր արժանացել: Անցած տարի հանձնաժողովի նիստում իր թիմակիցներից միայն Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր ձեռնպահ քվեարկել, այս անգամ բոլորը դեմ քվեարկեցին:
Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանին մեղադրեց այս տապալման համար, ու շեշտեց, որ վարչապետը կողմ է եղել իր նախագծին:
«Կառավարությունը դրական եզրակացություն է տվել, վարչապետին է չէ՞ նշում՝ կառավարությունը ես եմ, չէր կարող, չէ՞, ինքը դեմ լիներ ու կառավարությունը դրական եզրակացություն տար», - ասել է պատգամավորը:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Անդրանիկ Քոչարյանն իր քվեարկությամբ, դեմ դուրս եկավ Փաշինյանին, պատգամավորն արձագանքել է. «Իմ ասածից նաև այդպես կարող եք եզրահանգել»:
«Այո, ստացվեց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը: Ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչ մի բան չասել։ Տարիներով արձանագրելով բանակի խնդիրները, ես նպատակ եմ ունեցել, որ մենք վերացնենք այդ խնդիրները և ստեղծենք մի միջավայր, որտեղ կլինի արդարություն, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից՝ քաղաքացիությունից հրաժարվելու կամ կեղծ առողջական թղթեր սարքելու, երկիրը լքելու, ուսման մեկնելու կամ այլ պատրվակներով, և ծառայությունը բաժին չի հասնի միայն մեծամասամբ սոցիալապես խոցելի խավերում գտնվող անձանց։ Թիմը նախագծին կողմ է եղել, թիմ ասելով նկատի ունեմ վարչապետին և կառավարությանը», - ասաց Հայկ Սարգսյանը։
Այս նախագծի հետ կապված իշխանական պատգամավորների՝ Հայկ Սարգսյանի ու Անդրանիկ Քոչարյանի լարվածությունը դեռ անցած տարվանից է: Իսկ վերջին շրջանում նաև Փաշինյանի հետ սրվեցին հարաբերությունները: Հայկ Սարգսյանը դուրս է մնացել ՔՊ նախընտրական ցուցակից: Սարգսյանի ու նրա եղբոր թեկնածությունը չհաստատեցին:
«Ես ներկայացնում եմ օրենքի նախագիծ, որը մեր պետության համար է, ու ես հիմնավորումներով դա ապացուցում եմ, ու նաև դա արձանագրվում է կառավարության որոշմամբ։ Կարան ինչ-որ մարդիկ ինձ չսիրեն, կարա ինչ-որ մարդ իմ հետ խնդիր ունենա անձնական կամ ոչ անձնական, կամ ուղղակի սիմպատիայով ինձ չհավանի, բայց սեփական ամբիցիայով կամ սիմպատիայով, կամ քինախնդրության պատճառով տապալես պետության համար կարևորագույն նախագիծը... ես հիմա հնարավորություն ունենամ, կարող է լացեմ էլ։ Որովհետև անընդունելի է դա, չի կարա այդպիսի բան լինի, որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս, քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, հետո գլուխ գովաս, ասես՝ տեսա՞ր Սարգսյան Հայկին տապալեցի, չկարացավ անի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:
ՔՊ-ական պատգամավորն իր հեղինակած օրինագծով առաջարկում էր դասալքության համար հետախուզվող հայաստանցիներին քրեական պատասխանատվությունից ազատվելու հինգ տարբերակ։ Առաջին տարբերակով՝ ինքնակամ Հայաստան վերադառնալ ու 24 ամիս ծառայել, երկրորդով՝ 12 ամիս ծառայել և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ, երրորդով՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, չորրորդով՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 8 մլն դրամ։ Իսկ ընդհանրապես չծառայելու դեպքում պետությանը վճարել 15 միլիոն դրամ։