Մատչելիության հղումներ

Համալրում՝ հիվանդությունների հաշվին. խստացվել է ծառայությունից ազատվելու կարգը

Տարեվերջին կառավարությունը խստացրել է զորակոչիկների հիվանդությունների ցանկը: Կան հիվանդություններ, որոնց դեպքում նախկինում ազատվում կամ տարկետում էին ստանում, այժմ՝ ոչ:

«Փորձ է արվում հնարավորինս ավելի շատ զորակոչիկ զորակոչել զինվորական ծառայության համար», - ասաց իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:

Ինչո՞ւ է կառավարությունը որոշել բանակ զորակոչել նախկինում նույն հիվանդությամբ կա՛մ ազատվող, կա՛մ տարկետում ստացող երիտասարդներին, եթե դեռ մեկ ամիս առաջ հայտարարում էր՝ անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, կես տարով կրճատում է ծառայության ժամկետը և չունի համալրման խնդիր:

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանին անհանգստացրել են այս փոփոխությունները, որոնք գործադիրն ընդունեց դեկտեմբերի վերջին կառավարության նիստում:

«Վահանաձև գեղձի հատվածում է գրած թվաքանակի ավելացում, արյան մասով է նշած թվաքանակի ավելացում: Այս փոփոխությունը թվաքանակի ավելացմանը միտված փոփոխություն է», - նշեց իրավապաշտպանը:

Կառավարության նիստում առանց քննարկման ընդունված փոփոխություններով այսուհետ բանակ կգնան, օրինակ, գլխուղեղի անոթային անոմալիա ունեցողները: Պաշտպանության նախարարությունը հիմնավորել է, թե սրանք չունեն կլինիկական դրսևորումներ, չեն հանգեցնում գործառույթների խանգարման, չեն պահանջում բուժում: Այսինքն՝ այս ախտանիշով զինվորը ծառայության մեջ խնդիր չի ունենա:

«Եթե դիտարկենք որոշման հիմնավորումը ու յուրաքանչյուր հատվածի վերջում նշումը, թե ինչ է նախատեսում, կտեսնենք, որ գրեթե 90 տոկոս դեպքերում նախատեսվում է զորակոչիկների թվի աճ», - ասաց Նազելի Մովսեսյանը:

Արդյոք նման խնդիրներ ունեցողների վիճակը չի՞ վատանա բանակային պայմաններում՝ հարցնում է իրավապաշտպանը: Ընդգծում է՝ քաղաքացիական կյանքում մարդն ազատ է գնալ բժշկի, ապրել համեմատաբար բարենպաստ կյանքով. արդյոք հաշվի առե՞լ են այս բոլոր հանգամանքները, նաև այն, որ շատ են բողոքները բժշկական հանձնաժողովներից, որոնք չեն տալիս հիվանդության ամբողջական ու օբյեկտիվ գնահատական:

«Եթե մենք այստեղ ունենք մի խնդիր, որն ախտորոշվում է որպես բարենպաստ, բուժման կարիք չունեցող և այլն, արդյոք սա սուբյեկտիվ մոտեցում չէ բժշկական հանձնաժողովի կողմից, քանի որ կա նաև դրա հակառակ պատկերը, երբ որոշ դեպքերում զորակոչիկները սեփական միջոցներով հետազոտություններ անցնելով կարողանում են ապացուցել, որ խնդիրն իրականում շատ ավելի խորն է, քան ներկայացված է զորակոչային փաստաթղթերում», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ի տարբերություն իրավապաշտպանների՝ Պաշտպանության նախարարն այս փոփոխությունը դրական է որակում: Սուրեն Պապիկյանը վերջին ասուլիսում հպարտությամբ էր նշում՝ 2023 թվականի համեմատ 2025-ին ունեցել են զորակոչի 19 տոկոս աճ: Բացատրեց՝ այս հաջողության պատճառներից մեկն էլ հիվանդությունների ցանկի խստացումն է:

«Սա մեր փոփոխությունների ոչ միայն օրենսդրական, այլև կառավարության որոշումների փոփոխության արդյունքներն են, և սա համարում եմ էական հաջողություն», - ասել է նախարարը:

Զորակոչի աճից բացի, ռազմական գերատեսչությունն իր հիմնավորումներում շեշտում է նաև տնտեսական գործոնը: Ըստ նախարարության՝ այս փոփոխությունների արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրվող տարկետումների քանակները, ինչը թույլ կտա բացառել պետական միջոցների անհարկի վատնումը։




XS
SM
MD
LG