Մատչելիության հղումներ

Թրամփը պնդում է՝«Իրանի ղեկավարը հրադադար է խնդրել», Թեհրանից հակադարձում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «Իրանի նոր վարչակազմի նախագահն» ԱՄՆ-ին խնդրել է հրադադար հաստատել: ԱՄՆ նախագահը նշել է, որ խնդրանքը կքննարկեն, երբ Հորմուզի նեղուցը «բաց, մաքուր և ազատ լինի»:

«Մինչ այդ մենք կշարունակենք ոչնչացնել Իրանը կամ ինչպես ասում են, վերադարձնել այն քարե դար», - սոցցանցում գրել է նա՝ նշելով, որ Իրանի նոր ղեկավարն իր նախորդներից պակաս արմատական ու ավելի խելացի է:

Թրամփի հայտարարությունից հասկանալի չէ՝ արդյոք հենց նախագահին նկատի ունի, թե այլ պաշտոնյայի: Իրանի նախագահն էր երեկ հայտարարել, որ Թեհրանն ունի պատերազմը դադարեցնելու «անհրաժեշտ կամք», բայց երաշխիքներ է պահանջում, որ Իրանի վրա հարձակումը չի կրկնվի:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է Թրամփին՝ հայտարարելով, որ Հորմուզում իրավիճակն իրենց «ամուր և հաստատուն» վերահսկողության տակ է և չի բացվի Իրանի թշնամիների առաջ «ԱՄՆ նախագահի ծիծաղելի ելույթների միջոցով»։

Այսօր ավելի վաղ էլ Թրամփը հայտարարել էր, որ պատերազմը կարող է ավարտվել երկու-երեք շաբաթում, քանզի Վաշինգտոնը հասել է իր գլխավոր նպատակին՝ սահմանափակել է միջուկային զենք ստեղծելու Թեհրանի կարողությունը:

«Երբ զգանք, որ նրանք չեն կարող միջուկային զենք ստեղծել, կհեռանանք՝ անկախ նրանից՝ գործարք կլինի, թե ոչ, թեև դա կարևոր չէ: Գուցե գործարք լինի, քանզի նրանք ուզում են գործարք կնքել։ Նրանք ավելի շատ են ուզում գործարք կնքել, քան ես», - ասել է ԱՄՆ նախագահը:

Բրիտանական Daily Telegraph-ին էլ Թրամփն ասել էր, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, քանզի դաշինքն ԱՄՆ-ին չի աջակցում Իրանի դեմ պատերազմում: «Այո, ես կասեի, որ դա վերանայման ենթակա չէ: Ես երբեք ՆԱՏՕ-ի կողմնակից չեմ եղել։ Միշտ գիտեի, որ նրանք «թղթե վագր են», և Պուտինը, ի դեպ, նույնպես գիտի դա»,- ասել էր նա:

Կոնգրեսը 2023-ին է օրենք ընդունել, որն արգելում է նախագահին կասեցնել կամ դադարեցնել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ առանց Սենատի խորհրդատվության և համաձայնության կամ Կոնգրեսի համապատասխան ակտի:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին Fox News-ին ասել է, որ պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցում է միջնորդների միջոցով և ինչ-որ պահի գուցե «ուղիղ հանդիպում» լինի: «Մենք միշտ բաց կլինենք դրա համար»,- ասել է նա:

Թեհրանը չի կարծում, որ բանակցություններն արդյունավետ կլինեն. Արաղչի

Իրանի արտգործնախարարը կրկին հերքել է, թե բանակցում են ԱՄՆ-ի հետ և նշել, որ Թեհրանը պարզապես ուղերձներ է ստացել թե՛ միջնորդներից, թե՛ անմիջապես ԱՄՆ-ից: Աբբաս Արաղչին Al Jazeera-ին ասել է, որ Թեհրանը չի կարծում, որ բանակցություններն արդյունավետ կլինեն, քանզի չի վստահում Վաշինգտոնին, հետևաբար չի էլ պատասխանել ամերիկյան 15 կետանոց առաջարկին: Նա նաև շեշտել է՝ Իրանը չի վախենում ամերիկյան զորքի ցամաքային ներխուժումից և ուժեղ հակահարված կտա, եթե գնան այդ քայլին:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պաշտպանվել։ Ցամաքային պատերազմում կարող ենք դա անել նույնիսկ ավելի լավ։ Լիովին պատրաստ ենք դիմակայել ցամաքային ցանկացած հարձակման։ Հուսով ենք՝ նրանք նման սխալ թույլ չեն տա», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Չինաստանն ու Պակիստանն իրենց հերթին պատերազմը դադարեցնելու հինգ կետանոց ծրագիր են ներկայացրել: Այն առաջարկում է անհապաղ դադարեցնել պատերազմը և վերաբացել Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Չինաստանը, որը Ծոցի երկրներից նավթի խոշոր ներկրողներից մեկն է, մտավախություն ունի, որ երկար շարունակվելու դեպքում այս ճգնաժամը երկարաժամկետ ազդեցություն կունենա իր տնտեսության վրա:

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են

Չնայած Վաշինգտոնը հայտարարում է պատերազմի մոտալուտ ավարտի մասին՝ ամերիկա-իսրայելական ուժերը պատերազմի 33-րդ օրը շարունակել են հարվածներն Իրանին՝ թիրախավորելով երկրի խորքում գտնվող ստորգետնյա ռազմական օբյեկտներ: Ըստ իրանական ISNA գործակալության՝ առնվազն 10 բուժաշխատող է սպանվել:

Իսրայելը նաև շարունակել է հարվածներն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում, կան զոհեր ու վիրավորներ: Իսրայելական բանակը հայտարարել է, որ սպանել է խմբավորման առանցքային հրամանատարներից մեկին:

Իրանի գերագույն առաջնորդը «Հեզբոլա»-ի ղեկավար Նաիմ Քասեմին ուղերձ հղել և գովաբանել նրան՝ ցուցաբերած հակազդեցության համար: Ըստ իրանական պետական ISNA գործակալության՝ Մոջթաբա Խամենեին խոստացել է շարունակել աջակցությունը խմբավորմանը:

Պատերազմի առաջին օրը վիրավորված Խամենեին դեռ չի ներկայացել հանրությանը, նրա բոլոր ուղերձները եղել են տեքստային: Սա հարցեր է առաջացրել, թե արդյոք նա ի վիճակի է կառավարել երկիրը կամ առհասարակ ողջ է, թե ոչ: Իրանում Ռուսաստանի դեսպանը երեկ ասել էր, թե Խամենեին Իրանում է և անվտանգությունից ելնելով է խուսափում ներկայանալ հանրությանը:

Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, կան վիրավորներ, նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին: Կատարի ափերի մոտ լցանավ է խոցվել, Քուվեյթի օդանավակայանի վառելիքի պահեստում «խոշոր հրդեհ» է բռնկվել իրանական հարվածից:

Իրանի աջակցությունը վայելող հութիները նոր հարվածներ են հասցրել Իսրայելի հարավին: Նրանք պահանջում են դադարեցնել պատերազմը՝ խոստանալով սաստկացնել հարվածները և փակել Բաբ ալ-Մանդեբի նեղուցը, որն առևտրային մեկ այլ կարևոր անցուղի է տարածաշրջանում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG