Մատչելիության հղումներ

Իրանում պատերազմը կարող է ավարտվել երկու-երեք շաբաթում. Թրամփ

Իրանում պատերազմը կարող է ավարտվել երկու-երեք շաբաթում, հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը պարզաբանել է, թե Վաշինգտոնը հասել է իր գլխավոր նպատակին՝ սահմանափակել է միջուկային զենք ստեղծելու Թեհրանի կարողությունը: Պատերազմը, սակայն, կդադարեցվի, երբ ամբողջությամբ ավարտեն անելիքը, ասել է նա:

«Երբ զգանք, որ նրանք չեն կարող միջուկային զենք ստեղծել, կհեռանանք՝ անկախ նրանից՝ գործարք կլինի, թե ոչ, թեև դա կարևոր չէ: Գուցե գործարք լինի, քանզի նրանք ուզում են գործարք կնքել։ Նրանք ավելի շատ են ուզում գործարք կնքել, քան ես», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը շեշտել է՝ Թեհրանի հետ գործարքի կնքումը պատերազմը դադարեցնելու նախապայման չէ։ Ապա պնդել է՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո ԱՄՆ-ն հասել է ռեժիմի փոփոխության։ Իրանցի նոր առաջնորդները, ըստ նրա, «ավելի ռացիոնալ» են, քան իրենց նախորդները։

Բրիտանական Daily Telegraph-ին էլ Թրամփն ասել է, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, քանզի դաշինքը ԱՄՆ-ին չի աջակցում այս պատերազմում: «Այո, ես կասեի, որ դա վերանայման ենթակա չէ... Ես երբեք ՆԱՏՕ-ի կողմնակից չեմ եղել։ Միշտ գիտեի, որ նրանք «թղթե վագր են», և Պուտինը, ի դեպ, նույնպես գիտի դա»,- ասել է նա:

Պատերազմի ավարտի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է մինչև 99.3 դոլար, եվրոպական ֆոնդային շուկաները մեկնարկել են աճով:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին Fox News-ին ասել է, որ պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցում է միջնորդների միջոցով և ինչ-որ պահի գուցե «ուղիղ հանդիպում» լինի: «Մենք միշտ բաց կլինենք դրա համար», - ասել է նա:

Արաղչին կրկին հերքել է, թե բանակցում են ԱՄՆ-ի հետ

Իրանի արտգործնախարարը կրկին հերքել է, թե բանակցում են ԱՄՆ-ի հետ և նշել, որ Թեհրանը պարզապես ուղերձներ է ստացել միջնորդներից, նաև անմիջապես ԱՄՆ-ից: Աբբաս Արաղչին Al Jazeera-ին ասել է, որ Թեհրանը չի կարծում, որ բանակցություններն արդյունավետ կլինեն, քանզի չի վստահում Վաշինգտոնին, հետևաբար չի էլ պատասխանել ամերիկյան 15 կետանոց առաջարկին: Նա նաև շեշտել է՝ Իրանը չի վախենում ամերիկյան զորքի ցամաքային ներխուժումից և ուժեղ հակահարված կտա, եթե գնան այդ քայլին:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պաշտպանվել։ Ցամաքային պատերազմում կարող ենք դա անել նույնիսկ ավելի լավ։ Լիովին պատրաստ ենք դիմակայել ցամաքային ցանկացած հարձակման։ Հուսով ենք՝ նրանք նման սխալ թույլ չեն տա», - նշել է Արաղչին:

Չինաստանն ու Պակիստանն իրենց հերթին պատերազմը դադարեցնելու հինգ կետանոց ծրագիր են ներկայացրել: Այն առաջարկում է անհապաղ դադարեցնել պատերազմը և վերաբացել Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Չնայած Վաշինգտոնը հայտարարում է պատերազմի մոտալուտ ավարտի մասին՝ ամերիկա-իսրայելական ուժերը պատերազմի 33-րդ օրը շարունակել են հարվածներն Իրանին: Ըստ իրանական ISNA գործակալության՝ առնվազն 10 բուժաշխատող է սպանվել: Իսրայելը նաև շարունակել է հարվածները Լիբանանին, այդ թվում՝ Բեյրութում, կան զոհեր ու վիրավորներ:

Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, կան վիրավորներ, նաև շարունակել է հարվածները Պարսիցnծոցի երկրներին: Կատարի ափերի մոտ լցանավ է խոցվել, Քուվեյթի օդանավակայանի վառելիքի պահեստում «խոշոր հրդեհ» է բռնկվել իրանական հարվածից:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG