Մատչելիության հղումներ

Փեզեշքիանը հայտնել է՝ Իրանը «անհրաժեշտ կամք» ունի պատերազմն ավարտելու համար

Թեհրան․ կինը կանգնած է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ժամանակ հարվածի ենթարկված բնակելի թաղամասում
Թեհրան․ կինը կանգնած է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ժամանակ հարվածի ենթարկված բնակելի թաղամասում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը «անհրաժեշտ կամք» ունի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ավարտելու համար՝ կախված պայմաններից։ Այս հայտարարությունը կարող է ազդակ լինել, որ երկրները կարող են հակամարտության կարգավորման ուղղությամբ շարժվել:

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ասել էր, որ առաջիկա օրերը «որոշիչ կլինեն»։ Նույն օրը, Փեզեշքիանը կարծես շեղվել է Թեհրանի կոշտ պնդումներից, թե չեն բանակցում Վաշինգտոնի հետ։

«Մենք անհրաժեշտ կամք ունենք այս հակամարտությունը դադարեցնելու համար, եթե կարևոր պայմանները՝ հատկապես ագրեսիայի կրկնության բացառման երաշխիքներն ապահովվեն», - ասել է Փեզեշքիանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցել են վերջինիս աշխատակազմից։

Փեզեշքիանը հավելել է․ «Իրավիճակի կարգավորման լուծումը նրանց ագրեսիվ հարձակումների դադարեցումն է»։

Միացյալ Նահանգները նախորդ շաբաթ հայտնել էր Իրանին ուղղված 15 կետից կազմված առաջարկի մասին, որը նախատեսում է Իրանի միջուկային ենթակառուցվածքների ապամոնտաժում, հրթիռային ունակությունների սահմանափակում և տարածաշրջանային պրոքսի ուժերին տրամադրվող օժանդակության դադարեցում։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են, թե բանակցում են Վաշինգտոնի հետ։ Այդուհանդերձ, մարտի 25-ին Թեհրանից փոխանցել էին, որ քննարկում են ԱՄՆ-ի ներկայացրած 15 կետանոց առաջարկը և առաջ են քաշել հակամարտության դադարեցման համար, իրենց բնորոշմամբ, հինգ «պայման»։

Al Jazeera-ի հետ մարտի 31-ի զրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ շարունակում է ուղերձներ ստանալ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից, ինչը, սակայն, ըստ Արաղչիի՝ չի նշանակում, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է առաջիկա 2-3 շաբաթում ավարտել ռազմական հարձակումն Իրանի դեմ, ընդ որում՝ գործարքի կնքումը Թրամփը նախապայման չի համարում։

Նախարար Հեգսեթը նախօրեին նշել էր, որ նախընտրում է խաղաղության գործարքի միջոցով ավարտել պատերազմը, բայցև պնդել էր․ «ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա մեզ հետ»։

Խաղաղ հանգուցալուծման հույս են ներշնչում նաև Չինաստանի և Պակիստանի միջնորդական ջանքերը։ Երկու երկրները հայտարարել են կողմերի հետ «ռազմավարական հաղորդակցության և համակարգման ամրապնդման» մասին։


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG