Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Նրանցից մեկը այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Մյուսի ինքնությունը հայտնի չէ:
ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց երկու անձի ձերբակալվելը:
«Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», - փոխանցեց նա:
Եկեղեցում այսօր միջադեպ գրանցվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ: Պատարագը դեռ չէր ավարտվել:
Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:
«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:
Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով: