Մատչելիության հղումներ

«Էթնիկ զտման խոսույթը համարում եմ վնասակար». վարչապետը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին

Լրացված

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին՝ հայտարարելով. «Էթնիկ զտման խոսույթը համարում եմ վնասակար»:

«Իմ գնահատականն այն է, որ և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի իշխանությունները, ըստ էության Ղարաբաղի ժողովրդին պահել ենք պատանդի կարգավիճակում՝ անհասկանալի նպատակների համար: Հիմա խնդրանքով դիմում եմ՝ եկեք բոլորս գաղթականի ու պանդուխտի տրամաբանությունից դուրս գանք, որովհետև մենք տուն ենք հասել, Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, պետք է մեր տանը տեր կանգնենք», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ «մենք կարող են ասել էթնիկ զտում՝ հայելային ստանալ՝ էթնիկ զտում»:

«Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ, իմ հոգսը դա չէ, իմ հոգսն այն է՝ ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն ունենա, աշխատանք ունենա, անվտանգություն ունենա, ազատություն ունենա», - ասաց Փաշինյանը:

2023-ի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

«Հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից:

«Կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ: Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանը ընդգծեց՝ «կարծում եմ՝ ժողովուրդը պետք է այս ռազմավարությանը տեր կանգնի և համոզված եմ, որ տեր կկանգնի»:

Անդրադառնալով նոր Սահմանադրության վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասաց. «այդ քննարկումները, որ մենք ունենանք նոր Սահմանադրություն, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին, մեզ է պետք առաջին հերթին: Դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր»:

«Ազատության» հարցին, եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, այդ դեպքում ի՞նչ են անելու, Փաշինյանը պատասխանեց. «Նորից կանենք հանրաքվե, կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք, մենք խնդիր չունենք: Համոզված եմ՝ ինչի շուրջ մեր ժողովրդի հետ ազնիվ, արդար կերպով խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա»:

Բաքուն է պահանջում, որ Սահմանադրությունը փոխվի ու Հայաստանի անկախության հռչակագրին հղում չլինի: Փաշինյանն է միայն հայտարարել, որ իր ղեկավարած ուժը կողմ է, որ Անկախության հռչակագրի մասին հիշատակում չլինի. «Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է»։


XS
SM
MD
LG