Մատչելիության հղումներ

Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ

Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախօրեին Wall Street Journal-ն ու AP-ն գրել էին, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին: Իրանական պետական Press TV-ին հայտնել էր, թե Թեհրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները և պնդել է, որ պատերազմը կդադարեցվի միայն Թեհրանի պայմաններով և ժամանակացույցով:

«Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում բանակցություններ ԱՄՆ-ի հետ: Նրանք իրենց հաղորդագրություններում առաջ են քաշել գաղափարներ, որոնք փոխանցվել են բարձրագույն իշխանություններին, և անհրաժեշտության դեպքում նրանք կհայտարարեն իրենց դիրքորոշումը», - ասել է Արաղչին։

Բացի այդ, Իրանը միջնորդներին ասել է, որ Լիբանանը պետք է ներառվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կնքվող ցանկացած հրադադարի համաձայնագրում, Reuters-ին հայտնել են Իրանի դիրքորոշմանը ծանոթ վեց տարածաշրջանային աղբյուրներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին՝ չնայած պաշտոնական հերքումներին: Նա նշել է` իրանցի բանակցողները վախենում են, որ իրենց «սեփական ժողովուրդը» կարող է սպանել։


XS
SM
MD
LG