Մետրոյում վարչապետի կշտամբանքների տարափին արժանացած արցախցի կինը դեռ հրապարակավ չի արձագանքել Փաշինյանի հրավերին, մտերիմների փոխանցմամբ, նա չի ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
Երեկվա կոշտ զրույցից ու սուր քննադատության արժանանալուց հետո վարչապետը ներողություն խնդրեց Արմինե Մոսիյանից ու նրան հրավիրեց կառավարություն՝ անձամբ ներողությունը փոխանցելու:
Տեղահանված երիտասարդ կնոջ հետ մեզ զրուցել չհաջողվեց, երեկվա տհաճ պատմությունից հետո նա չի ուզում շփվել նաև լրագրողների հետ:
«Ուղղակի ներկայացրել է իր իրավունքներն ու իր հույսերը, և երկրի ղեկավարն իրավունք չունի որևէ կերպ ասելու՝ «դա պետք է մոռանաք, վերադարձը մոռանաք» և այլն», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Բեգլարյանի գնահատմամբ, Փաշինյանի գործողությունները հավաքական թիրախավորում են արցախցիների նկատմամբ. «Լայն առումով պիտակավորումները՝ «փախածներ» և այլն, Արցախի արժեքի նվազեցում, մեր վերադարձի իրավունքի ոչնչացում, արհամարհում, սրանք բոլորը հավաքական առումով վերաբերում են բոլոր արցախցիներին»:
Ամեն ինչ սկսվեց, երբ մայրաքաղաքում քարոզարշավ անցկացնող Փաշինյանը ցանկություն հայտնեց տեղահանված Արմինե Մոսիյանի որդուն Հայաստանի քարտեզը նվիրել: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված մայոր Մերուժան Մոսիյանը դուստրը մերժեց ընդունել քարտեզը, բայց Փաշինյանը երկխոսությունն ավարտված չհամարեց. «Մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Բեգլարյանը զարմացած չէ. Փաշինյանը շարունակում է 2022-ի պրահյան գիծը, որով Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեց։
«Իհարկե Ալիևի նարատիվներն են խոշոր առումով կամ լրացնում են Ալիևի նարատիվներին՝ ուղղակի Հայաստանի իշխանությունների տեսանկյունից»:
Փաշինյանը հակաարցախյան քաղաքականությունն օգտագործում է իր իշխանությունը պահելու համար՝ պնդում է նախկին պաշտոնյան. «Իր մեղքերը, սխալները, ձախողումները «արդարացնելու» համար, սա է մեզ համար ցավալին»:
Հայաստանում Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Բեգլարյանն Արմինեի պահվածքը որակում է ողջամիտ, իսկ Փաշինյանի ներողությունը՝ նախընտրական քարոզչություն։
«Մենք Արցախ վերադառնալու իրավունքը ունենք, ու Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես պետություն, ունի ստանձնած պատասխանատվություն աջակցելու մեզ մեր իրավունքների պաշտպանության հարցում, որքան էլ իշխանությունները չեն ուզում այդ պատասխանատվությունը վերցնել: Հակառակը՝ աջակցում են ալիևյան քաղաքականությանը», - ասաց Բեգլարյանը:
Փաշինյանի ներողությունից հետո էլ ՔՊ-ական մամուլը՝ «Սիվիկը», շարունակում էր թիրախավորել արցախցի կնոջը: Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն, հերքում էր, թե իշխանությունն է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը հրահրողը:
«Արցախահայության նկատմամբ պետական մակարդակով ատելություն ասացիք, ներողություն, այդպիսի բան պնդելն անպատկառություն է», - ասաց Միրզոյանը:
Մետրոյի միջադեպից հետո Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ուղիղ չդատապարտեց վարչապետի պահվածքը: Փոխարենն Անահիտ Մանասյանը պաշտոնյաներին կոչ արեց իրենց խոսքում ցուցաբերել զգայունություն: Մանասյանը հորդորեց ապահովել այնպիսի միջավայր, որը չի խորացնի նրանց խոցելիությունը:
Բեգլարյանն իշխանության աջակիցների ատելության խոսքի բազմաթիվ օրինակներ ունի. «Ատելության քարոզը բոլոր իրավապահ մարմինները պարտավոր են հետաքննել, թեև իրենց նախաձեռնությամբ էլ կարող են անել, բայց չեն անում»:
Հայաստանը մեզ համար, ինչպես և մյուս քաղաքացիների, արժեք է, բայց մենք ասում ենք, որ չպետք է մոռանանք, որ ունենք հայրենիք, որից բռնի տեղահանվել ենք՝ ընդգծում է արցախցի նախկին պաշտոնյան:
Պաշտոնական Երևանը բազմիցս է հաստատել՝ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Տեղահանված արցախցիների վերադարձի հարցը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում չընդգրկվեց, իշխանությունը այդ հարցը չի էլ քննարկում՝ դա անհնար համարելով: Փաշինյանը տեղահանված մոտ 100.000 հազար արցախցիներին հորդորում է տնավորվել Հայաստանում: