Արցախցի կնոջն ուղղված վարչապետի՝ «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունից հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարում է՝ «բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ զրույցն այսօր վեճի վերածվեց, որի ընթացքում վարչապետը կնոջն ասաց. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
«Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ-ը պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին կոչ է արել իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:
«Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը»,- ընդգծել է ՄԻՊ-ը: