Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարում է Վաշինգտոնի ու Թեհրանի միջև «արդյունավետ» բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, մարտ, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, մարտ, 2026թ.

Իրանի դեմ պատերազմի 24-րդ օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեկ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնք շարունակվելու են նաև այսօր, և եթե քննարկումներն ընթանան արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։

Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարք կնքել, նույնը ցանկանում է նաև ԱՄՆ-ն, և այժմ 15 կետի շուրջ են բանակցում: «Մենք շատ լուրջ հնարավորություն ունենք համաձայնության գալու», - ասել է նա:

Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ բանակցություններին ԱՄՆ-ից մասնակցել են իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ Իրանից՝ «հարգված բարձրաստիճան պաշտոնյա»: Թե ում մասին է խոսքը, Թրամփը չի նշել, սակայն ասել է, որ դա Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին չէ, ապա հավելել է, թե չի ցանկանում նրա մահը: Նա նշել է, որ գուցե Իրանի դեպքում ևս իրենք նշանակեն առաջնորդին, ինչպես Վենեսուելայում:

«Մենք շատ, շատ լուրջ բանակցություններ ենք անցկացրել, տեսնենք, թե դրանք ինչի կհանգեցնեն։ Մենք ունենք համաձայնագրի հիմնական կետերը, ես կասեի՝ գրեթե բոլոր կետերը … բանակցությունները հիանալի են անցել։ Ըստ իս՝ եթե նրանք շարունակեն նույն ոգով, վերջ կդնեն այս հակամարտությանը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

ԱՄՆ նախագահը դարձյալ շեշտել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ հարստացված ուրանը կարող է փոխանցել Միացյալ Նահանգներին: Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ խոսել է Իսրայելի հետ. Թել Ավիվը գոհ կլինի ԱՄՆ-ի գրանցած ցանկացած արդյունքից: Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի, եթե համաձայնություն լինի, ասել է Թրամփը:

Մինչ այդ էլ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել էր, թե հաշվի առնելով Իրանի հետ վերջին երկու օրերին տեղի ունեցած արդյունավետ բանակցությունները՝ հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։

«Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված բոլոր հարվածները՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից», - գրել էր Թրամփը:

Պաշտոնական Թեհրանն առայժմ չի արձագանքել, իսկ կիսապաշտոնական Fars-ը, հղում անելով Իրանի արտգործնախարարության հայտարարությանը, պնդել է, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսություն չկա։ Ըստ Fars-ի փոխանցած տեղեկության՝ Իրանում կարծում են, որ Թրամփի հայտարարությունը նպատակ ունի նվազեցնել էներգակիրների գները և ժամանակ շահել իր ռազմական ծրագրերն իրականացնելու համար: Նաև նշվում է, որ կա տարածաշրջանային երկրների «նախաձեռնություն»՝ լարվածությունը նվազեցնելու համար, սակայն «նրանք իրենց մտահոգությունները պետք է ուղղեն Վաշինգտոնին, որն սկսել է այս պատերազմը»։

Axios-ի տվյալներով՝ լարվածությունը թուլացնելու նպատակով վերջին երկու օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև որպես միջնորդ են հանդես եկել Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը:

Իրանական Tasnim-ն էլ, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել է, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին, և էներգետիկ շուկաները կմնան անկայուն, հավելելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։ Գործակալությունը գրում է, որ Թրամփը հրաժարվել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց ֆինանսական շուկայի ճնշման ֆոնին, զգուշացնելով, որ Թեհրանը կշարունակի պաշտպանվել, մինչև հասնի զսպման:

Իսկ երեկ ԱՄՆ նախագահը Իրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում հարվածել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել էր ամբողջությամբ փակել նեղուցը և հարվածել տարածաշրջանում ամերիկյան ընկերություններին ու ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին: Իրանի Ազգային պաշտպանության խորհուրդն էլ սպառնացել էր ականապատել և երկար ժամանակով պարալիզացնել «Պարսից ծոցի բոլոր հաղորդուղիները», եթե հարձակում լինի իրանական ափի կամ կղզիների վրա։

Թե՛ Թրամփի այս հայտարարությունից առաջ, թե՛ հետո Իսրայելը հայտարարել է, որ մասշտաբային հարվածներ է հասցրել, ինչպես իրենք են պնդում, «ահաբեկչական ենթակառուցվածքներին» Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում:

Հարձակման են ենթարկվել Խորամաբադ, Ահվազ, Ուրմիա, Թավրիզ և Բանդար Աբբաս քաղաքները, կան զոհեր և վիրավորներ: ԱՄՆ զինուժը հարվածել է Ղոմ նահանգում գտնվող տուրբինային շարժիչների արտադրամասի, որն անօդաչուների և ինքնաթիռների բաղադրիչներ է արտադրում:

Իսրայելը նաև շարունակել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները Լիբանանում և զգուշացրել, որ պատերազմը կշարունակվի ևս մի քանի շաբաթ: Բանակի խոսնակը պնդել է, որ օրեցօր ավելի են թուլացնում Իրանին, իսկ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ցամաքային արշավը այս շաբաթ կուժեղանա: «Մենք թույլ չենք տա, որ ահաբեկչական ռեժիմը և նրա կողմնակիցները սպառնալիք ստեղծեն Իսրայելի պետության համար»,- հայտարարել է Էֆի Դեֆրինը։

«Հեզբոլա»-ն, իր հերթին, հայտարարել է, որ հրետանիով հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Մարկաբա քաղաքի մոտ տեղակայված բանակի կենտրոնակայանին:

Իրանը ևս հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Երեկ էլ հրթիռակոծել էր իսրայելական Արադ և Դիմոնա քաղաքները, հաղորդվում է 130-ից ավելի վիրավորի մասին: Իրանը նաև հարվածել է Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազային և Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմին:

Իրանի հետ հնարավոր գործարքի մասին Թրամփի վերջին հայտարարությունից հետո Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսները մեկնարկել են բարձր աճով, եվրոպական բորսաները ևս սկսել են աճել։ Նավթը, սակայն, վաճառվում է թանկ՝ 100 դոլարից ավելի՝ մեկ բարելի դիմաց:


XS
SM
MD
LG