Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 5-րդ (ՀՀՇ 23-րդ) համագումարը:
Կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր համագումարին, բայց դահլիճում հնչեց նրա ուղերձը:
«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում», - ասված էր ուղերձում։
Համագումարին հրավիրված են «Ուժեղ Հայաստան», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հաղթանակ», «Նոր ուժ» կուսակցություններն ու «Նժար» սահմանադրական շարժման անդամները, նաև դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Ուժեղ Հայաստան»-ից ելույթ ունեցավ Արթուր Միքայելյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Էդմոն Մարուքյանը, «Նոր ուժ»-ից՝ Արամ Թորոսյանը, իսկ «Ապրելու երկիր»-ից՝ Մեսրոպ Առաքելյանը:
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն իր ելույթում դիմելով հրավիրված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ասաց. - «Այս դահլիճում, որտեղ 1990-ին հնչել է Անկախության հռչակագիրը, տարբեր քաղաքական ուժերի ներկայությունն ինձ հույս է տալիս հավատալ, որ կոնսոլիդացիան այլևս իրականություն է»:
«Անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ուժերի միավորում, պատրաստ ենք սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»ի և այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին», - հայտարարեց Զուրաբյանը:
Ելույթներից հետո սպասվում են քվեարկություններ՝ ՀԱԿ- համագումարի աշխատանքային խմբի ձևավորման, բանաձևի ընդունման, կուսակցության նախագահի ընտրության, վարչության ընտրության, վերահսկիչ ու հաշվիչ հանձնաժողովների ընտրության համար: