Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Թել Ավիվն իրեն իրավունք է վերապահում հարված հասցնել ցանկացած նոր գերագույն առաջնորդի, ով իշխանության կգա Ալի Խամենեիի մահից հետո։
Երբ հայտարարությունից առաջ նրան հարցրել են՝ արդյոք Իսրայելը փորձելո՞ւ է սպանել նոր առաջնորդին, Լապիդը պատասխանել է. «Դա կախված է նրանից, թե ով կլինի առաջնորդը»։
Նրա համոզմամբ՝ ներկայիս ղեկավարությունն «ահաբեկչական կազմակերպություն է»։
Լապիդը հավելել է՝ Իրանի նավթային «կենսաապահովման գիծը» պետք է կտրվի:
Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի գերագույն առաջնորդի նշանակման մասին հայտարարությունից առաջ զգուշացրել է, որ «Իսրայելը կշարունակի հետևել ցանկացած ժառանգորդի և յուրաքանչյուրին, ով կփորձի նշանակել ժառանգորդ» և «չի հապաղի թիրախավորել» Փորձագետների խորհրդի անդամներից որևէ մեկին, որոնք մասնակցում են նոր առաջնորդի ընտրության նիստին։
Խամենեիի նշանակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանը հայտարարել է, որ հրթիռների համազարկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Պետական հեռարձակող IRIB-ն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է արկի լուսանկար, որի վրա գրված է․ «Ձեր հրամանով, Սեյյեդ Մոջթաբա»։