Ադրբեջանը անվտանգության նկատառումներով տարհանում է Թեհրանում իր դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակազմին:
Պաշտոնական Բաքուն նման որոշում է կայացրել Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սանձազերծած պատերազմի 7-րդ օրը միայն և ընդամենը մեկ օր անց Նախիջևանի վրա անօդաչուներով հարձակումից, ինչի համար պաշտոնական Բաքուն մեղադրեց Թեհրանին: Իրանը հերքում է իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել, վնասվել է տեղի օդանավակայանը:
Անձնակազմի տարհանման հրահանգ է տվել արտգործնախարարը: Մոլդովացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այս օրերին Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում Պարսից ծոցում արգելափակված իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար և պատերազմի ֆոնին չէր կարող հոգ չտանել նաև հենց Իրանում գտնվող իր քաղաքացիների անվտանգության մասին:
«Հաշվի առնելով այս բոլոր իրադարձությունները՝ մենք, իհարկե, պետք է պատրաստ լինենք մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելուն։ Մենք ուշադիր կհետևենք գործընթացներին, կսպասենք Իրանի խոստացած հետաքննության արդյունքներին և տրամադրվող տեղեկություններին ու դրա հիման վրա կկայացնենք որոշումներ և կձեռնարկենք հետագա քայլեր», - հայտարարել է Բայրամովը:
Իրանում պատերազմով պայմանավորված նաև Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակն է բարձրացվել, և տրվում են համապատասխան հրահանգներ, ասել է արտգործնախարարը:
Նախիջևանի վրա երեկվա հարձակումից հետո ԱՄՆ-ն այսօր Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Նախիջևան մեկնելուց։
Երեկվա հարձակման ֆոնին Ադրբեջանում աճում են մտավախությունները, որ երկիրը կարող է ներքաշվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեջ, ինչի հետևանքով Ադրբեջանը կարող է հայտնվել Իրանի թիրախում:
Փորձագետները նշում են, որ Իսրայելի հետ սերտ կապերն Ադրբեջանը դարձնում են Իրանի պոտենցիալ թիրախ։ Ադրբեջանը, որը Իրանի հետ ունի մոտ 700 կիլոմետրանոց սահման, Իսրայելի նավթի հիմնական մատակարարն է։ Իսրայելն, իր հերթին, Բաքվին վաճառում է զենք և անօդաչու թռչող սարքեր։
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ջասուր Մամեդովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, հատկապես, որ Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ։
Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող, նավթով հարուստ Ադրբեջանում մտահոգությունների մեծ մասը էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ խողովակաշարերի և արտադրական օբյեկտների շուրջ է: Դրանց կարող են հասնել իրանական «Շահեդ» տեսակի անօդաչուները, որոնք 1000 կիլոմետր և ավելի են թռչում։
«Իրանը մշակել է այնպիսի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են թռչել մինչև 1000 կիլոմետր: Դա նշանակում է, որ դրանք կարող են հեշտությամբ հասնել Ադրբեջանի՝ Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև ցանկացած քաղաք», - ընդգծել է Մամեդովը:
Ըստ վերլուծաբանի՝ եթե Բաքվի ամենամոտ դաշնակից Թուրքիան օգնության ձեռք չմեկնի, «շատ դժվար կլինի պաշտպանել երկիրը»։
Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ Նախիջևանի վրա հարձակումից քիչ անց դատապարտեց այն՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել» նման հարձակումները։
Դրանից մեկ օր առաջ էլ Թուրքիան էր հայտարարել, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը բալիստիկ հրթիռ է որսացել երկրի սահմանային շրջանում։ Իրանը հերքել է մեղադրանքը, որ բալիստիկ հրթիռ է արձակել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղությամբ։
Թուրքիայում բնակվող իրանցի վերլուծաբան Աթա Մոհամմադ Թաբրիզին «Ազատությանն» ասել է, որ այս սպառնալիքների ֆոնին Անկարան կարող է սերտորեն համագործակցել Բաքվի հետ:
«Եթե Ադրբեջանը և Թուրքիան զգան Իրանի կողմից սպառնալիքի որևէ աճ, ամենայն հավանականությամբ երկուսն էլ կունենան կոալիցիա կազմելու ներուժ., - ասել է Թաբրիզին:
Երեկ Նախիջևանի վրա հարվածից քիչ անց նախագահ Ալիևը անվտանգության խորհրդի հրատապ նիստ էր հրավիրել, որտեղ ասել էր էր, թե Ադրբեջանը «երկաթե բռունցքով» կարձագանքի իր դեմ ագրեսիային, պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ: Այս պահի դրությամբ որևէ պատասխան հարվածի մասին չի հաղորդվել: