Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հիմնական ռազմաբազաները՝ Մերձավոր Արևելքում

Իրանը հայտարարում է, որ իր դեմ սկված ռազմական գործողություններին ի պատասխան՝ կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները:

Որտեղ են ԱՄՆ հիմնական ռազմաբազաները Մերձավոր Արևելքում

Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ծովային ուժերի հինգերորդ նավատորմի կենտրոնակայանը: Դրա պատասխանատվության գոտին ընդգրկում է Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսի որոշ մասեր:

Բահրեյնը հայտնել է, որ ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի սպասարկման կենտրոնը հրթիռային հարձակման է ենթարկվել:

Կատարի մայրաքաղաք Դոհայի մոտ գտնվող անապատում է Ալ Ուդեիդ օդային ռազմաբազան: Սա Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմաբազան է՝ 10 հազար զորակազմով:

Reuters-ը, հղում անելով ականատեսներին, տեղեկացրել է, որ պայթյունի ձայներ են լսվել Դոհայում:

Քուվեյթում մի քանի ռազմական օբյեկտներ կան, այդ թվում՝ ԱՄՆ բանակի կենտրոնական շտաբի «Քեմփ Արիֆջան» ռազմաբազան և Ալի Սալեմ ավիաբազան, որը Իրաքի սահմանից մոտ 40 կմ հեռավարության վրա է և առավել հայտնի «Ժայռ» անունով:

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի հարավում է Ալ Դհաֆրա ավիաբազան, որը համատեղ օգտագործվում է ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հետ: Այն աջակցել է «Իսլամական պետության» դեմ իրականացված գործողություններին և տարածաշրջանում հետախուզական տեղակայումներին:

Դուբայի Ջաբել Ալի նավահանգիստը, չնայած պաշտոնապես ռազմաբազա չի համարվում, բայց ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ կանգառն է Մերձավոր Արևելքում: Այստեղ կանոնավոր կերպով տեղակայվում են ամերիկյան ավիակիրներ և այլ նավեր:

Իրաքում ԱՄՆ-ն ներկայություն ունի Անբար նահանգում տեղակայված Այն Ալ Ասադ ռազմաօդային բազայում: Այն աջակցում է Իրաքի անվտանգության ուժերին և ՆԱՏՕ-ի առաքելությանը։ Իրանն այս բազան թիրախավորել էր 2020 թվականին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։

Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանում է Էրբիլի ավիաբազան, որը ծառայում է որպես կենտրոն ԱՄՆ-ի ու դաշնակից ուժերի վարժանքների ու մարտական զորավարժությունների համար:

Սաուդյան Արաբիայում, ըստ 2024 թվականին Սպիտակ տան տրամադրած տվյալների, ամերիկացի 2 հազար 321 զինվորական է տեղակայված: Նրանք Սաուդյան Արաբիայի կառավարության հետ համակարգմամբ օդային և հրթիռային պաշտպանության կարողություններ են զարգացնում և աջակցում ԱՄՆ ռազմական ինքնաթիռների գործունեությանը: Զինվորականների մի մասը տեղակայված է Ռիադի հարավում գտնվող Արքայազն Սուլթան ավիաբազայում, որը տեխնիկական աջակցություն է ապահովում ամերիկյան զինտեխնիկայի, այդ թվում՝ Patriot հրթիռային մարտկոցների և այլ համակարգերի համար:

Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 100 կմ հյուսիս-արևելքում գտնվող Ազրաք քաղաքում է Մուվաֆաք ալ Սալթի ավիաբազան: Այստեղ է տեղակայված ԱՄՆ օդային ուժերի կենտրոնական վարչության 332-րդ օդային հետախուզական թևը:

ԱՄՆ-ն ու Իսրայելն այսօր հարվածել են Իրանին:




XS
SM
MD
LG