Մատչելիության հղումներ

Իսրայելը հարվածել է Իրանին, Թեհրանում պայթյուններ են լսվել

Լրացված
Թեհրան, Իրան, արխիվ
Թեհրան, Իրան, արխիվ

Իսրայելը հայտարարել է, որ շաբաթ օրը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին:

Պաշտպանության նախարար Իսրայել Կացն ընդգծել է, որ հարվածի նպատակն է վերացնի Իսրայելի համար սպառնալիքները:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շաբաթ օրը Թեհրանում պայթյուններ են լսվել:

Հարձակումը հաջորդում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից արված նախազգուշացումներին, որ նրանք նոր հարված կհասցնեն, եթե Իրանը շարունակի իրականացնել իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը:

Փետրվարին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել էին բանակցությունները:

Իսրայելը, իր հերթին, պնդում է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի ցանկացած գործարք պետք է ներառի Թեհրանի միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժումը, այլ ոչ թե պարզապես ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը:

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագրի սահմանափակումները պատժամիջոցների չեղարկման դիմաց, սակայն բացառել է այդ հարցը հրթիռների հետ կապելու հնարավորությունը:

Թեհրանը նաև հայտարարել է, որ պաշտպանվելու է ցանկացած հարձակումից:

Նա զգուշացրել է հարևան երկրներին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, որ պատասխան հարված կհասցնի, եթե Վաշինգտոնը հարվածի Իրանին:

Հունիսին ԱՄՆ-ը միացավ իսրայելական ռազմական արշավին Իրանի միջուկային օբյեկտների դեմ:

Թեհրանը պատասխան հարված հասցրեց՝ հրթիռներ արձակելով Կատարում գտնվող ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի ուղղությամբ, որը խոշորագույնն է Մերձավոր Արևելքում:

Արևմտյան տերությունները նախազգուշացրել են, որ բալիստիկ հրթիռների ստեղծման իրանական նախագիծը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և կարող է հանգեցնել միջուկային զենքի ստեղծման, եթե այն մշակվի: Թեհրանը հերքում է, որ ձգտում է ատոմային ռումբ ստեղծել:

XS
SM
MD
LG