ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմը կարգավորելու Իրանի վերջին առաջարկից, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ամերիկացի մի պաշտոնյա։
Ավելի վաղ ամերիկյան Axios-ը հղում անելով իր աղբյուրներին՝ հաղորդեց, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել: Ըստ Axios-ը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն էլ առաջարկվում է հետաձգել ավելի ուշ փուլի:
Դա, ամենայն հավանականությամբ, չի բավարարի Միացյալ Նահանգներին, որը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է քննարկվեն հենց սկզբից, և հենց այդ պատճառով Դոնալդ Թրամփը դժգոհ էր Իրանի առաջարկից, անանուն մնալու պայմանով՝ ասել է ամերիկացի պաշտոնյան:
Բեսենթը զգուշացնում է Իրանում բենզինի պակասի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանը կանգնած է բենզինի անխուսափելի պակասի առջև:
X-ում արված այսօրվա կարճ գրառման մեջ Բեսենթը գրել է. «Մինչ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ-ի) ողջ մնացած առաջնորդները թակարդված են, ինչպես կոյուղու խողովակում խեղդվող առնետները, Իրանի հնացած ու անկայուն նավթարդյունաբերությունը սկսում է դադարեցնել արտադրությունը՝ շնորհիվ ԱՄՆ շրջափակման»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ նիստ է արել Իրանի հարցով: Մի շարք երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին կոչ են արել ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը, որտեղով մինչև պատերազմը անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
Անվտանգության խորհրդի նիստից հետո հրավիրած մամուլի ասուլիսին ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը անօրինական պատերազմ սկսեցին Իրանի դեմ՝ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, խաթարելով ծովային անվտանգությունը և սպառնալով տարածաշրջանային խաղաղությանը։ Ամիր Սայեդ Իրավանին նշել է, որ Իրանը չի միացել Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, հետևաբար ՄԱԿ-ի օրենքները այս հարցում չեն տարածվում Իրանի վրա:
«Իրանը 1982-ի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմ չէ։ Հետևաբար, դրա պայմանագրային դրույթները պարտադիր չեն Իրանի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում արտացոլված որոշակի կանոնները համընդհանուր ճանաչվում են որպես միջազգային սովորութային իրավունք»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը:
Իրանը ցանկանում է օր առաջ բացել Հորմուզի նեղուցը, պնդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
Truth Social սոցիալական ցանցում արված գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ իրանցիները «կապ են հաստատել [Վաշինգտոնի հետ] և տեղեկացրել, որ Իրանը կաթվածահար վիճակում է»։
Թրամփի խոսքով՝ իրանցիները այժմ փորձում են հասկանալ, թե ով է իրենց ղեկավարը։
«Կարծում եմ, որ նրանք կկարողանան դա անել»,-հավելել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը չի հստակեցրել, թե ինչպես են իրանցիներն այս ուղերձը փոխանցել Վաշինգտոնին, և Իսլամական Հանրապետության ղեկավար կազմից ով է այս ուղերձի հեղինակը։
«Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք», -Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները անգամ հպարտանում են, որ որպես պատանդ են պահում համաշխարհային էներգետիկ պաշարների 20-ից 25 տոկոսը։
«Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նրանք միջուկային զենք ունենան։ Այդ դեպքում ողջ տարածաշրջանը կհայտնվի պատանդի կարգավիճակում», - ասել է Ռուբիոն։
Նախքան փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր համաշխարհային էներգետիկ մատակարարումների 20 տոկոսը։
«Իսրայելը Լիբանանի հանդեպ տարածքային նկրտումներ չունի», - այսօր հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Մեր ներկայությունը Լիբանանի՝ Իսրայելի հյուսիսային հատվածին հարող շրջաններում միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը», - վստահեցրել է Իսրայելի ԱԳ նախարարը։
Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել իրանական նավահանգիստների երկարատև շրջափակմանը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Թերթի տվյալներով՝ վերջին հանդիպումներին Թրամփը որոշել է շարունակել ճնշումը Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա:
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը դիտարկել է նաև այլ տարբերակներ, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը: Սակայն դրանք գնահատել է ավելի ռիսկային, քան շրջափակման պահպանումը։ Այս լուրի ֆոնին նավթի գները շարունակել են աճել: Brent տեսակի գինը հասել է 111 դոլարի մեկ բարելի դիմաց:
Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր Իրանում մահապատժի է ենթարկվել 21 մարդ, ձերբակալվել՝ 4 հազարը, հաղորդում է ՄԱԿ-ը:
«Առնվազն 9 մարդ մահապատժի է ենթարկվել 2026 թվականի հունվարյան բողոքի ցույցերին առնչության համար, 10-ը՝ ընդդիմադիր խմբավորումներին ենթադրյալ անդամակցության մեղադրանքով, և 2-ը՝ լրտեսության մեղադրանքով։ Փետրվարի 28-ից ի վեր գնահատվում է, որ Իրանում ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով ձերբակալվել է ավելի քան 4 հազար մարդ», - ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանը «հնարավորինս շուտ խելքի գա»։
«Իրանը չի կարողանում կարգավորել իր գործերը։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել ոչ միջուկային համաձայնագիր։ Ավելի լավ է՝ շուտով խելքի գան», - Truth Social սոցիալական հարթակում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:
Հրապարակմանը կից ԱՄՆ նախագահը տեղադրել է իր պատկերազարդումը՝ արհեստական բանականությամբ գեներացված․ Թրամփը՝ ինքնաձիգը ձեռքին, և հետևյալ մակագրությամբ․ «ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՊԱՐՈՆ ԲԱՐԻ ՏՂԱ» (NO MORE MR. NICE GUY!)։
Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է բախվել սուր սովի՝ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև վերջին պատերազմի հետևանքով։
Այս թիվը հրապարակել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ Պարենի համաշխարհային ծրագրի և Լիբանանի գյուղատնտեսության նախարարության համատեղ ուսումնասիրությունների արդյունքում։
Հայտարարության համաձայն՝ բնակչության գրեթե յուրաքանչյուր 4-րդը 2026 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում կարող է բախվել պարենային անապահովության ճգնաժամային կամ ավելի ծանր մակարդակի։ Զեկույցում նշվում է, որ սա «էական վատթարացում» է՝ համեմատած մարտ ամսվա հետ։
«Վատթարացումը պայմանավորված է հակամարտությամբ, տեղահանությամբ և տնտեսական ճնշումներով»,- ասված է հայտարարության մեջ։
«Առանց շարունակական և ժամանակին տրամադրվող մարդասիրական ու կենսապահովման աջակցության՝ սուր պարենային անապահովությունը հավանաբար կխորանա»,- եզրահանգում են զեկույցի հեղինակները։