Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը հայտնում է՝ Իրանը «կարող է զանգահարել մեզ», եթե ցանկանում է խոսել, մինչդեռ Արաղչին ժամանել է ՌԴ

Գլխավորը՝ համառոտ

18:53 19.4.2026

Քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին ծովային շրջափակման ներքո է պահում, Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու՝ հղում անելով իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությանը, հաղորդում է Al Jazeera-ն։

08:43 20.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է գրավել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը:

Վաշինգտոնից հայտնում են՝ բեռնանավն ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է»։

«Այսօր, Իրանի դրոշի ներքո նավարկող TOUSKA բեռնանավը փորձել է անցնել մեր ծովային շրջափակումը, և լավ չստացվեց իրենց համար», - սոցցանցում նախօրեին գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու բազմաթիվ զգուշացումները:

«TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի համար ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- հայտարարել է Թրամփը։

Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Օմանի ծոցում իրանական առևտրային նավերից մեկի վրա կրակ բացելով հրադադարի ռեժիմը խախտելու համար և խոստացել է հակահարված տալ։

09:06 20.4.2026

Պակիստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Հեռախոսազրույցը «ջերմ և կառուցողական» որակելով՝ Շահբազ Շարիֆը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է «տարածաշրջանային զարգացող իրավիճակը»։

«Ես գնահատում եմ Իրանի ներգրավվածությունը, այդ թվում՝ նրա բարձր մակարդակի պատվիրակության այցը Իսլամաբադ՝ պատմական բանակցություններին մասնակցելու համար, ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած վերջին քննարկումները ֆիլդմարշալ Սաեդ Ասիմ Մունիրի հետ», - գրել է Պակիստանի վարչապետը։

Շարիֆը վստահեցրել է Փեզեշքիանին, որ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության և տարածաշրջանային կայունության միջնորդի իր դերին։

09:28 20.4.2026

Իրանում մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղավոր են ճանաչվել Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալության հետ համագործակցելու և երկրի ներսում հարձակումներ պլանավորելու մեջ, հայտնում է դատական համակարգի «Միզան» լրատվական գործակալությունը։

«Միզան»-ը նշել է, որ Մոհամմադ Մասում Շահի և Համեդ Վալիդի անուններով երկու անձինք մեղադրվում են «Մոսադի» հետ կապված լրտեսական ցանցին պատկանելու համար, նշվում է նաև, որ նրանք վերապատրաստվել են արտերկրում, այդ թվում՝ Իրաքի Քուրդիստանում։

11:10 20.4.2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ռացիոնալ և դիվանագիտական ուղիները՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններում զգոնությունն ու անվստահությունը «անժխտելի անհրաժեշտություն» են, հաղորդում է IRNA պետական լրատվամիջոցը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանալու է չորեքշաբթի օրը, ԱՄՆ ներկայացուցիչներն այսօր կժամանեն Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու: Թեհրանը, սակայն, դեռևս չի հայտարարել, թե արդյոք պատվիրակություն կուղարկի Պակիստան, թե ոչ։

12:06 20.4.2026

Իրանի արտաքին գործերի նախարարությունից այսօր հայտարարել են, որ դեռևս որոշում չի կայացվել՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե ոչ։

«Այս պահին մենք բանակցությունների հաջորդ փուլի ծրագրեր չունենք, և այս առումով որևէ որոշում չի կայացվել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:


12:54 20.4.2026

Իրավիճակն անկայուն է Լիբանանում, որտեղ տասնօրյա հրադադար է հաստատվել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն ստանձնել է մի շարք պայթյունների պատասխանատվությունը, որոնք, ըստ շարժման, թիրախավորել են իսրայելական ութ զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյանը:

Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ գիշերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող հրթիռային արձակման կայանի։ Բանակը նաև Լիբանանի հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին:

«Խնդրում ենք ուշադիր լինել հրադադարի համաձայնագրի ժամկետի ընթացքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայվել հարավային Լիբանանի իրենց դիրքերում՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի շարունակական ահաբեկչական գործողությունների»,- հայտարարել է Իսրայելի զինուժի խոսնակը:

14:42 20.4.2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն այսօր հայտարարել է, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցությունները կվարի լիբանանյան պատվիրակությունը՝ ԱՄՆ-ում Լիբանանի նախկին դեսպան Սայմոն Քարամի գլխավորությամբ։

17:27 20.4.2026

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ապրիլի 23-ին Վաշինգտոնում։ Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

17:28 20.4.2026

Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատունը նոր նախազգուշացում է հրապարակել Իրաք ճանապարհորդելու վերաբերյալ։ Դիվանագիտական առաքելությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Իրաք ճանապարհորդելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին՝ անհապաղ լքել երկիրը։

«ԱՄՆ դեսպանությունը Իրաքում կրկին հիշեցնում է Level 4՝ «Մի ճանապարհորդեք» նախազգուշացումը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ, որը նաև զգուշացնում է՝ Իրանի հետ կապված զինված խմբավորումները նոր հարձակումներ են պլանավորում Միացյալ Նահանգների քաղաքացիների և Վաշինգտոնի շահերի դեմ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG