Մատչելիության հղումներ

եթերում Արաղչին նախքան Մոսկվա այցը կվերադառնա Պակիստան

Գլխավորը՝ համառոտ

16:21 7.4.2026

Թրամփը հայտարարել է՝ եթե Իրանը գործարք չկնքի, «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այս գիշեր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացրել է Իրանին համաձայնության գալ՝ ընդգծելով, որ «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այս գիշեր», եթե հակամարտությունը դադարեցնելու համար համաձայնագիր չկնքվի։

17:33 7.4.2026

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ըստ որոշ հաղորդագրությունների, անգիտակից վիճակում է և բուժվում է Իրանի Քոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Շիայական իսլամում Քոմը համարվում է ամենասրբազան քաղաքներից մեկը:

The Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ «Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը»:

17:35 7.4.2026

Մինչ ներդրողները հաշվարկում են՝ արդյոք Իրանը կկատարի՞ ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը վերաբացելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որի վերջնագիրն այսօր լրանում է, բարձրացել են նավթի և արժեթղթերի գները։

Սուրբ Հարության տոնից հետո Եվրոպայի տարածաշրջանային առևտուրը վերսկսել է, եվրոպական ֆոնդային բորսան կեսօրին աճ է գրանցել։ Ասիական բաժնետոմսերի ինդեքսներն էլ իրենց հերթին օրն ավարտեցին չնչին աճով։

Թրամփը Թեհրանին զգուշացրել է՝ եթե մինչև երեքշաբթի երեկոյան 20:00-ն Իրանը չթույլատրի Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժը, Միացյալ Նահանգները կիրականացնի Իրանի կարևորագույն ենթակառուցվածքների «ամբողջական ոչնչացման» գործողություն։

18:56 7.4.2026

ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր հայտարարություն է տարածել՝ հորդորելով Բահրեյնում գտնվող բոլոր ամերիկացիներին մնալ իրենց բնակության վայրերում մինչև հետագա ծանուցումը։

19:48 7.4.2026

Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիվ Բիրոլն ապրիլի 13-ին կհանդիպի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների հետ՝ քննարկելու էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել է Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի պատճառով։
«Իրանի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը պահանջում է բոլորի ներգրավվածություն և միջազգային համագործակցություն»,- X սոցիլական հարթակում գրել է Բիրոլը։

23:56 7.4.2026

Իրանը դրականորեն է դիտարկում Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանին տված վերջնաժամկետը: Պակիստանի վարչապետը նաև դիմել է Իրանին՝ որպես բարի կամքի դրսևորում, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը:

05:01 8.4.2026

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի

«Ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնության են եկել ամենուր անհապաղ հրադադարի շուրջ», - X-ում գրել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։

«Սա երկկողմանի զինադադար կլինի», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։ «Սա անելու պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք ռազմական բոլոր նպատակները և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը կդադարեցնի հակահարձակումները և կապահովի ջրային ուղիով անվտանգ անցում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է. «Ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը և մեր հզոր զինված ուժերը համոզեցին Իրանին համաձայնվել Հորմուզի նեղուցը վերաբացել, և բանակցությունները կշարունակվեն»։

08:31 8.4.2026

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարի համաձայնագրից հետո «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել. AFP

«Լիակատար և ամբողջական հաղթանակ։ 100 տոկոս։ Դրանում կասկած չկա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով AFP-ի հարցին, թե արդյոք նա այսպիսով հաղթանակ է հայտարարում հրադադարով։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը նա անվանել է «գործնական հիմք բանակցությունների համար»։

Սակայն, երբ Թրամփին հարցրել են գործարքի խզման դեպքում Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու իր սկզբնական սպառնալիքների մասին, նախագահը պատասխանել է. «Դուք պետք է տեսնեք», - ասվում է AFP-ի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Թրամփը պնդել է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը կընդգրկվի ցանկացած խաղաղության համաձայնագրում։

Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։

09:03 8.4.2026

Հրադադարը «Լիբանանին չի վերաբերում»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի գրասենյակից հայտարարել են, որ սատարում են Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու ԱՄՆ որոշումը, մինևնույն ժամանակ ընդգծել՝ հրադադարը «Լիբանանին չի վերաբերում»։

Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնց նպատակն է՝ ապահովել, որպեսզի «Իրանը միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք այլևս չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։

Նեթանյահուի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ն, Իրանը և նրանց դաշնակիցները «համաձայնվել են ամենուր անհապաղ հրադադարի մասին, այդ թվում՝ Լիբանանում և այլուր»։

09:28 8.4.2026

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը

Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը «մեծ օր է համաշխարհային խաղաղության համար» և կարող է «Մերձավոր Արևելքի ոսկե դարը դառնալ», - Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շատ դրական իրադարձություններ տեղի կունենան։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը», - գրել է ԱՄՆ նախագահը։

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG