Իսրայելի զինված ուժերը երեքշաբթի օրը հայտարարել են, որ չորս զինծառայող է զոհվել, իսկ երկուսը՝ վիրավորվել Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտերի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, հաղորդել է Wall Street Journal-ը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի, եթե Իրանը փորձի հայտարարել ինքնիշխանություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, և նախազգուշացրել, որ ջրային ուղին կմնա բաց՝ անկախ Իրանի գործողություններից։
«Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության հավակնությունը ոչ միայն մեզ համար է անընդունելի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Սա ստեղծում է վտանգավոր նախադեպ… պետությունները կարող են սկսել վերահսկողություն հաստատել միջազգային ջրային ուղիների նկատմամբ և հայտարարել դրանք իրենց: Հորմուզի նեղուցը բաց կմնա… այն բաց կլինի այս կամ այն կերպ», - Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ հակառակ դեպքում Իրանը «կբախվի իրական հետևանքների» ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից։
Human Rights Watch (HRW) կազմակերպության նոր զեկույցում ասվում է, որ Իրանի զինված ուժերը ակտիվացնում են իրենց շարքեր երեխաներին հավաքագրելու ջանքերը՝ շարունակվող հակամարտության պայմաններում։
HRW-ի տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ակտիվորեն հավաքագրում է 12 տարեկանից փոքր երեխաների՝ նրանց «հայրենիքը պաշտպանող մարտիկներ» անվանելով գովազդող արշավի շրջանակներում։
Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում: Նա X-ի իր էջում գրել է ՝ «այս երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություններ չենք վարել ԱՄՆ-ի հետ»։
«Տեղի է ունեցել բանակցությունների խնդրանք՝ ԱՄՆ-ի կողմից ներկայացված մի շարք առաջարկների հետ միասին, որոնք մեզ են հասել որոշ միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Այժմ, այն իրավիճակում, երբ ԱՄՆ ռազմական ագրեսիան շարունակվում է ինտենսիվությամբ, մենք բոլորս մեր լավագույնն ենք անում Իրանի ազգը պաշտպանելու համար», - նշել է նա։
Պատերազմի 32-րդ օրը Իսրայելի վարչապետը հրաժարվել է ասել, թե երբ կավարտեն պատերազմում իրենց նպատակների իրականացումը:
Newsmax-ին տված հարցազրույցում Բենյամին Նեթանյահուն նշել է, որ իրականացրել են նպատակների կեսը՝ ոչնչացրել են զենքի արտադրության գործարանների մեծ մասն ու միջուկային ողջ ծրագիրը, սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարզարավոր անդամների:
Նեթանյահուն կրկնել է, թե իրենց նպատակը ռեժիմի փոփոխությունը չէ, սակայն վստահություն է հայտնել, որ իսլամական հանրապետությունը «կփլուզվի ներսից»։
Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը շարունակում է ցնցել համաշխարհային տնտեսությունը: Նավթի գինն անցել է 115 դոլարը մեկ բարելի դիմաց, իսկ ԱՄՆ-ում այն 100 դոլար է՝ ամենաբարձր գինը 2022-ից ի վեր:
Մերձավոր Արևելքում ալյումինի երկու խոշոր արտադրողներին շաբաթավերջին հասցված ավիահարվածներից հետո ալյումինի գին գրեթե հասել է 3400 դոլարի և մոտեցել վերջին չորս տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Ոսկին մի փոքր թանկացել է՝ 4,563 դոլար մեկ ունցիան, սակայն դեռ պահպանվում է նվազման միտումը, սակայն դեռ ակնկալվում է, որ սա վերջին 17 տարվա ամենավատ ամիսը կլինի:
Մոտավոր գնահատականներով՝ նավթի և գազի գնաճը պատերազմի առաջին ամսում ամբողջ աշխարհում սպառողներին ու բիզնեսներին հավելյալ 111 միլիարդ դոլար է արժեցել:
Այսօր վաղ առավոտյան Իրանի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը հարվածել է Քուվեյթի նավթային ընկերությանը պատկանող «Ալ-Սալմի» լցանավին։ Միջադեպը տեղի է ունեցել Դուբայի ափից ոչ հեռու։
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները, սակայն, տեղեկացնում են, որ նավթի արտահոսք տեղի չի ունեցել, անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։
«Ալ-Սալմին» աշխարհի խոշորագույն նավթային տանկերներից մեկն է, դրա առավելագույն տարողունակությունը 2 միլիոն բարել է։
«Իրանի պատերազմը ծանր բեռ է համաշխարհային տնտեսության համար», - այսօր հայտարարել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական կառույցներից մեկը՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF):
Հիմնադրամի մասնագետների պնդմամբ՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունները երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ էներգետիկ շուկայի, միջազգային առևտրի, ֆինանսական շուկաների և մատակարարման շղթաների անխափան գործունեության վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է եվրոպացի դաշնակիցներին «Իրանի հարցում Վաշինգտոնին չօժանդակելու համար»։
«Դուք ստիպված եք լինելու սովորել, թե ինչպես են ինքնուրույն մարտնչում, քանի որ ԱՄՆ-ն այլևս ձեր կողքին չի լինի այնպես, ինչպես դուք մեր կողքին չէիք»,-Truth սոցիալական ցանցում այսօր գրել է Թրամփը։
Նա նաև խորհուրդ է տվել եվրոպացիներին ինքնուրույնաբար լուծել էներգետիկ շուկայում ծագած խնդիրները։