Չնայած չդադարող հարվածներին՝ Թեհրանում երեկոյան հանրահավաք է անցկացվել, որի մասնակիցներն աջակցություն են հայտնել կառավարությանը և նշել, թե ԱՄՆ-ը և Իսրայելը ոչ մի բանի չեն հասել այս պատերազմով:
Իրանն իր հերթին այսօր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երեկ էլ հրթիռակոծել էր իսրայելական Արադ և Դիմոնայ քաղաքները, հաղորդվում է 130-ից ավելի վիրավորի մասին:
Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազային և Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմին:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ լրացուցիչ մի շարք միջոցառումներ կկիրառվեն՝ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով էներգիայի գների աճը մեղմելու նպատակով։
Հեռուստատեսային ուղերձում Միցոտակիսը նշել է, որ կառավարությունն ապրիլ և մայիս ամիսների համար նախատեսել է 300 միլիոն եվրո աջակցություն՝ տնային տնտեսությունների և ֆերմերների համար։ Սուբսիդիաներն ուղղված են դիզելային վառելիքի, բենզինի և պարարտանյութերի արժեքի նվազեցմանը։ Նախաձեռնության մի մասը նաև նպատակ ունի զսպել կղզիներ գնացող լաստանավերի տոմսերի գների բարձրացումը։
Իրանի Բուշեր ատոմակայանի մոտ Միացյալ Նահագների և Իսրայելի հարվածները չափազանց վտանգավոր են, և Ռուսաստանն իր մտահոգությունները փոխանցել է ԱՄՆ-ին։ Այսօր այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով՝ նման հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։
Իրանը սպառնացել է ծովային ականներ տեղադրել Պարսից ծոցի տարածքում, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակվեն որևէ ափի կամ կղզու վրա։
«Թշնամու կողմից Իրանի ափերի կամ կղզիների վրա հարձակման ցանկացած փորձ, բնականաբար, կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցում և առափնյա տարածքում բոլոր մուտքային ուղիներն ու հաղորդակցության գծերը կականապատվեն տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ ափերից տեղակայվող լողացող ականներով», - նշված է երկրի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմենը հայտարարել է, որ չկա որևէ գնահատական, թե Իրանը թիրախավորում է Մեծ Բրիտանիայի հիմնական տարածքը։
Վարչապետ Սթարմերին հարց էին ուղղել՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիան կարող է թիրախ դառնալ Իրանի կողմից այն բանից հետո, երբ շաբաթավերջին հաղորդվել էր, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ-Մեծ Բրիտանիա ռազմական բազայի՝ Դիեգո Գարսիայի ուղղությամբ։
Սթարմերը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու ցանկացած փորձ պահանջում է մանրակրկիտ քննարկում և իրագործելի ծրագիր, և որ իր առաջնահերթ նպատակը բրիտանական շահերի պաշտպանությունն ու լարվածության նվազեցումն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։
«Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների լիակատար և վերջնական կարգավորման վերաբերյալ։
Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանի դեմ ռազմական գործողությունների 4-րդ օրը ԱՄՆ նախագահն ասել էր, որ այդ գործողություններն անհրաժեշտության դեպքում կարող են շատ երկար տևել՝ Վաշինգտոնը պատրաստ է դրան:
Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական անանուն աղբյուրին, հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակի կամ անուղղակի շփումներ չկան, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությանը Թեհրանի հետ «արդյունավետ» բանակցությունների մասին։
«Ֆարս»-ը նաև հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է իրանական էլեկտրակայանները թիրախավորելուց, այն բանից հետո, երբ Իրանը զգուշացրել է, որ ի պատասխան կհարվածի Արևմտյան Ասիայի էլեկտրակայաններին։
Լրագրողների հետ զրույցում Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ Իրանի հետ կիրակի օրը տեղի ունեցած քննարկումները շարունակվելու են նաև այսօր, և եթե բանակցությունները շարունակվեն արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։
Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ իր Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են այդ բանակցություններին։
Իսրայելի բանակը հարվածել Հարավային Լիբանանը Բեքաայի արևելյան շրջանին կապող կամրջին։
Իսրայելի բանակը նախազգուշացրել էր, որ կհարվածի այդ կամրջին՝ պնդելով, որ այն օգտագործվում է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման կողմից։