Պատերազմի 20 օրերին Իրանում սպանվել է առնվազն 1456, վիրավորվել 18,667 մարդ: Լիբանանում զոհերի թիվը 968 է, վիրավորներին՝ 2220-ից ավելի: Իսրայելում սպանվել է 17 մարդ, վիրավորվել 3727-ը: Իրաքում զոհերի թիվը հասել է 60-ի, որոնք հիմնականում Իրանի աջակցությունը վայելող Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի անդամներ են:
Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումների ֆոնին։ Միջազգային շուկայում Brent-ի մեկ բարելը վաճառվել է մոտ 116 դոլարով՝ երեկվանից մոտ տասը տոկոս ավելի թանկ։
Բարձրացել է նաև գազի գինը՝ իրանական Հարավային Փարսին՝ աշխարհում գազի ամենամեծ պաշար ունեցող հանքավայրին հասցված ավիահարվածներից հետո։
ԱՄՆ-ն և Իսրայելը վճռական հաղթանակ են տանում Իրանի դեմ պատերազմում, ռազմական գործողությունների 20-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Փիթ Հեգսեթը նշել է, որ ռազմարշավի նպատակները նույնն են, ինչ առաջին օրը. - «Ոչնչացնել հրթիռները, հրթիռային արձակման կայանքները, Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան, որպեսզի չկարողանան վերակառուցել, նավատորմը, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի»:
Նախարարը քննադատել է լրատվամիջոցների մի մասին, իր պնդմամբ, պատերազմն անազնիվ լուսաբանելու համար, ապա պնդել, որ ոչնչացվել է Իրանի ռազմական արդյունաբերության օբյեկտների մեծ մասը: Հեգսեթը վստահեցրել է՝ պատերազմը կշարունակվի այնքան, մինչև հասնեն դրված նպատակներին: Ըստ նրա՝ Իրանը լավ գիտի, որ Խարգ կղզուն հարվածելը ԱՄՆ-ին վերահսկողություն է տալիս երկրի ճակատագրի նկատմամբ:
Ամերիկացի պաշտոնյան նաև հաստատել է մամուլի հրապարակումները, որ Պենտագոնը պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ պատերազմը շարունակելու հավելյալ ֆինանսավորման համար: Ըստ The Washington Post-ի՝ Հեգսեթը հավելյալ 200 միլիարդ է պահանջելու:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ կարծում է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան «մարդիկ կարծում են»։
«Ես նույնպես տեսնում եմ, որ այս պատերազմը կավարտվի շատ ավելի արագ, քան մարդիկ կարծում են», - մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նեթանյահուն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ակնարկել է, որ մտադրություն չունի ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք:
«Ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա պլանավորում է ավելի շատ զինծառայողներ ուղարկել տարածաշրջան։
«Եթե ցանկանայի, չէի ասի ձեզ։ Բայց ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի»։
Ռոյթերս լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանում հազարավոր ամերիկացի զինվորականներ տեղակայելու հնարավորությունը՝ Իրանի դեմ գործողությունների շրջանակը ընդլայնելու համար:
Պատերազմի 21-րդ օրը Իսրայելը հայտարարել է, որ շարունակել է ավիահարվածները Իրանի «ահաբեկչական ենթակառուցվածքներին» Քարաջ, Քերման քաղաքներում, Հորմոզգան նահանգի Լենգե նավահանգստում և Թեհրանում, որտեղ հզոր պայթյուններ են լսվել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ ամերիկա-իսրայելական հարվածներից սպանվել է կառույցի խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նաինին:
Իրանի հարվածներն Իսրայելին
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, կան ավերածություններ: Տուժածների մասին չի հաղորդվում:
Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսի ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում, ԱՄԷ-ում:
ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության տվյալներով՝ Իրանում զոհերի թիվը հասել է 3186-ի:
Եվրոպական առաջատար երկրները, Ճապոնիան և Կանադան համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ պատրաստ են միանալ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար անհրաժեշտ ջանքերին և քայլեր կձեռնարկեն էներգետիկ շուկաները կայունացնելու համար։
«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իրանի կողմից Պարսից ծոցում անզեն առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթի և գազի կայանքների վրա հարձակումները, ինչպես նաև իրանական ուժերի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակումը: Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում հակամարտության սրման վերաբերյալ։ Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել իր սպառնալիքները»,- ասվում է երկրների տարածած հայտարարությունում:
Այս հայտարարություններից հետո նավթի գինը նվազել է՝ հասնելով 120 դոլարից իջնելով 107 դոլարի մեկ բարելի դիմաց: Կատարի էներգետիկայի նախարարն ասել է, որ Ռաս Լաֆանի հեղուկ գազի վրա իրանական հարձակման հետևանքով հանքավայրից արտահանումը կնվազի 17%-ով հաջորդ հինգ տարիներին, ինչի հետևանքով երկիրը տարեկան 20 միլիարդ դոլարի կորուս կունենա։
Նյու Յորքում բնակիչների ու այցելուների շրջանում Reuters լրատվական գործակալության անցկացրած հարցախույզը ցույց է տվել, որ շատերը դժգոհ, վախեցած ու մտահոգ են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի կապակցությամբ։
«Անտարբեր մնալը դժվար է, ես ապրել եմ Վիետնամի, Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ։ Սա լավ չի ավարտվելու», - ասել է քաղաքացիներից մեկը:
«Եվ սարսափելի է այն գումարը, որը մենք այնտեղ ենք ծախսում՝ հաշվի առնելով այստեղ առկա խնդիրները և այն օգուտը, որը այդ գումարը կարող է անել այստեղ», - հավելել է մյուսը:
Reuters-ն ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է հազարավոր զինծառայողների տեղաբաշխումը Մերձավոր Արևելքում՝ իր գործողությունները ամրապնդելու համար։ Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ ցամաքային զորքերի օգտագործումը կարող է քաղաքական մեծ ռիսկեր առաջացնել Թրամփի համար՝ հաշվի առնելով, որ ամերիկյան հանրության շրջանում Իրանի դեմ արշավին աջակցությունը ցածր է։