Մատչելիության հղումներ

եթերում Իսրայելը և Լիբանանը երկարաձգել են հրադադարը, Թրամփը սպասում է Իրանի հետ «լավագույն գործարքին»

Գլխավորը՝ համառոտ

16:34 20.3.2026

ԱՄԷ-ի Աբու Դաբիի ոստիկանությունը Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ ապատեղեկատվություն տարածելու համար ավելի քան 100 մարդու է ձերբակալել։

«Աբու Դաբիի ոստիկանությունը հայտարարում է տարբեր ազգությունների 109 անձանց ձերբակալության մասին, ովքեր ներկայիս իրադարձությունների ընթացքում նկարահանել են օբյեկտներ և միջադեպեր, ապա սոցցանցերում տարածել սխալ տեղեկություններ»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Նման միջոցառումներ իրականացվում են նաև Պարսից ծոցի այլ երկրներում, քանի որ իսրայելա-ամերիկյան հարձակումներին հակադարձելով՝ Իրանը հարվածներ է հասցնում ոչ միայն ԱՄՆ-ի ակտիվներին, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ նավթային և գազային օբյեկտների, օդանավակայանների և բնակելի տարածքների։

Կատարում իշխանությունները ձերբակալել են ավելի քան 300 մարդու պատերազմի ընթացքում տարածված «սուտ տեղեկությունների» և լուսանկարների համար։

Բահրեյնը և Քուվեյթը նույնպես նման քայլեր են ձեռնարկել։

18:48 20.3.2026

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են 45 մարդու, որոնք մեղադրվում են որպես «վարձկան և անջատողական» գործելու մեջ: Ըստ իշխանությունների՝ ձերբակալվածներից մի քանիսը, հարձակում էին ծրագրում, հաղորդում է պետական հեռարձակողը՝ հղում անելով Հետախուզության նախարարությանը։

Գերատեսչությունը հայտնել է, որ Ղազվին և Արևմտյան Ադրբեջան նահանգներում ձերբակալվածներից 16-ը մեղադրվում են երրորդ երկրի ռազմական կոորդինատներ փոխանցելու մեջ: Նշվում է, որ ևս վեցը անջատողական խմբավորումների անդամներ են, որոնք ենթադրաբար հարձակում էին պլանավորում հյուսիսարևմտյան Բուքան քաղաքում:

18:55 20.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել և վախկոտ է անվանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ նրանց մեղադրելով Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի հարցում բավարար աջակցություն չցուցաբերելու համար։

«Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն ԹՂԹԵ ՎԱԳՐ Է։ ՎԱԽԿՈՏՆԵ՛Ր, և մենք կհիշենք դա»,-գրել է նա սոցցանցում։

Մի շարք եվրոպական դաշնակիցներ հրաժարվել են ուղղակի ռազմական ներգրավվածությունից՝ նախընտրելով դիվանագիտական լուծումներ կամ սահմանափակ աջակցություն։

19:53 20.3.2026

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին այսօր հրապարակել է ուղերձ՝ նշելով պարսկական Նոր տարվա՝ Նովրուզի սկիզբը, որը նա անվանել է «դիմադրության տնտեսության տարի՝ ազգային միասնության և ազգային անվտանգության պայմաններում»։

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության թշնամիները պարտություն են կրում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում։

«Այս պահին ձեր՝ մեր հայրենակիցների միջև ստեղծված առանձնահատուկ միասնության շնորհիվ թշնամին պարտության է մատնվել»,- ասել է Խամենեին, որը դեռևս հրապարակային ելույթ չի ունեցել և միայն գրավոր ուղերձներ է հղում հոր՝ Ալի Խամենեի մահից հետո, Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում։

10:19 21.3.2026

Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով, որը կարևորագույն ճանապարհ է համաշխարհային նավթի մատակարարման համար, հաղորդում է Kyodo news-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Թեհրանը բանակցություններ է սկսել Տոկիոյի հետ, այդ թվում՝ արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգիի հետ, նեղուցի հնարավոր բացման վերաբերյալ, ուրբաթ օրը ճապոնական լրատվական գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում ասել է Արաղչին։

Ճապոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունները, ինչպես նաև վարչապետի գրասենյակը չեն պատասխանել Reuters-ի զանգերին՝ այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։

11:57 21.3.2026

Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդում է կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իրանը երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ, սակայն դրանք չեն խոցել այն։

Իրանական «Մեհրը» նշել է, որ բազայի վրա հարձակումը «նշանակալի քայլ էր ... որը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռների հեռահարությունը գերազանցում է թշնամու նախկինում պատկերացրածը»։

13:48 21.3.2026

ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Թասնիմ»-ը հավելել է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, և տարածքի մոտակայքում գտնվող բնակիչները վտանգի տակ չեն եղել։

15:37 21.3.2026

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում՝ սկսած կիրակի օրվանից, Միացյալ Նահանգները և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները:

«Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ահաբեկչական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի», - պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությում ընդգծել է Կացը:

15:59 21.3.2026

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Մոդին դատապարտել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ միաժամանակ վերահաստատելով նավագնացության ուղիների բաց և անվտանգ մնալու կարևորությունը։

16:53 21.3.2026

Ռուսաստանը դատապարտում է Իրանի Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է շաբաթ օրը Իրանի Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա տեղի ունեցած հարձակումը։

«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», - հայտարարության մեջ ասել է նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG