ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, Միացյալ Նահանգները «քսան անգամ ավելի ուժեղ» կհարվածի, քան մինչ այժմ հարվածներ են ստացել։
«Բացի այդ, մենք կոչնչացնենք հեշտությամբ ոչնչացվող թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ թույլ չի տա Մերձավոր Արևելքից «մեկ լիտր նավթ» առաքել, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները շարունակվեն:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին PBS News Hour-ի հետ զրույցում հայտարարել է՝ չի կարծում, թե ԱՄՆ-ի հետ բանակցությունները «այլևս կլինի օրակարգում»։
Արաղչին ասել է, թե փետրվարին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ամերիկյան կողմը պնդել է, որ «չունեն հարձակվելու որևէ մտադրություն», այնուամենայնիվ դա արել են:
Արաղչին ասել է, որ դեռ «շատ վաղ է», որպեսզի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկնաբանություններ տա ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին։
Իրանի ռեժիմի տապալումը Իրանի ժողովրդի ձեռքում է, Times of Israel-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մեր ձգտումն է Իրանի ժողովրդին ազատել բռնապետության լծից», - ասել է Նեթանյահուն՝ նշելով. «Ի վերջո, դա կախված է նրանցից։ Բայց կասկած չկա, որ մինչ այժմ ձեռնարկված գործողությունների միջոցով մենք կոտրում ենք նրանց ոսկորները, և մեր ձեռքը դեռ մեկնված է»։
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը հրթիռային նոր հարձակում է գործել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամում 191 մարդ է վիրավորվել իրանական հարվածներից:
Իսրայելական «12-րդ ալիքը», իր աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Իսրայելը երեկ հարվածել է Թեհրանում գտնվող միջուկային լաբորատորիաների։
Իրանը դեռ չի մեկնաբանել:
Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանից արևմուտք գտնվող Արակ քաղաքում բնակելի շենքին ավիահարվածից հինգ մարդ է սպանվել, մի քանիսը՝ վիրավորվել։
Թուրքիան հայտարարում է, որ ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է երկրի հարավարևելքում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես դաշինքի քայլերից մեկը՝ ուժեղացնելու օդային պաշտպանությունը Իրանի պատերազմի պայմաններում առաջացած հրթիռային սպառնալիքների դեմ։
Այն տեղակայվում է Մալաթիա նահանգում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ռադարային բազան, որը կարևոր տվյալներ է տրամադրում դաշինքի համար և օգնել է վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերել Թուրքիայի ուղղությամբ երկու իրանական բալիստիկ հրթիռներ։
«Իրանական խնդրի կարգավորման այն առաջարկները, որ ներկայացրել էր նախագահ Պուտինը, շարունակում են ուժի մեջ մնալ», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դեռ մինչև իրանական հակամարտության ռազմական փուլի մեկնարկը նախագահ Պուտինը տարբերակներ ու լավ առաջարկներ էր առաջ քաշել, որոնք թույլ կտային նվազեցնել լարվածությունը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ ասել է, որ այդ առաջարկներից շատերը դեռ սեղանին են։ Ռուսաստանը պատրաստ է և ուրախ կլինի առավելագույն օժանդակություն ցուցաբերել», - նշել է Կրեմլի խոսնակը։
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։
Հարևան երկիր առաջին անհրաժեշտության իրերով բեռնված մեքենաների շարասյուն ուղարկելու որոշումը կայացվել է երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի՝ մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Ադրբեջանական կողմն Իրան է ուղարկել 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, 600 կիլոգրամ թեյ և ավելի քան երկու տոննա դեղորայք։
«Մեր նպատակները շատ հստակ են, և մենք հասնում ենք այդ նպատակների իրագործմանը»,- մեկնաբանելով Իրանի դեմ ընթացող պատերազմը՝ այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Առաջին հերթին մենք ոչնչացնում ենք իրանցիների հրթիռային զորանոցը և այդ հրթիռների արձակման համար օգտագործվող հարթակները։ Երկրորդը՝ մենք ոչնչացնում ենք նրանց ռազմածովային ուժերը», - ասել է նա։
Երրորդ նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման բացառումն է, հայտարարել է Հեգսեթը՝ հավելելով. «Մենք հաղթում ենք»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ առնվազն երկու հրթիռ է արձակվել Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ։
«Արիֆջան ամերիկյան բազային հարված է հասցվել ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրթիռային ստորաբաժանման կողմից արձակված 2 հրթիռով», - ըստ Fars-ի և Mehr-ի՝ հայտարարել են պահապանները՝ նկատի ունենալով Քուվեյթ քաղաքի հարավում գտնվող Քեմփ Արիֆջան բազան։
Քուվեյթի իշխանությունները մինչ այժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։
Իրանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր սկսել է Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների վրա «ամենաինտենսիվ» և զանգվածային հարձակումը: