Մատչելիության հղումներ

եթերում Սպիտակ տուն. ԱՄՆ նախագահը հրադադարի նոր վերջնաժամկետ չի սահմանել

Գլխավորը՝ համառոտ

15:26 8.3.2026

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ բարձր հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի նշմամբ՝ դա կարող է տեղի ունենալ պատերազմի ավելի ուշ փուլում, երբ երկու երկրներն էլ համոզվեն, որ իրանական բանակը այլևս լուրջ սպառնալիք չի ներկայացնում։

Ըստ Axios-ի՝ քննարկվել են երկու տարբերակ՝ ամբողջությամբ դուրս բերել հարստացված ուրանը երկրից, կամ ներգրավել միջուկային էներգետիկայի փորձագետների, որպեսզի այն տեղում նոսրացնեն։

16:01 8.3.2026

Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:

16:42 8.3.2026

Իրանը շարունակել է պատասխան հարձակումները Պարսից ծոցում ԱՄՆ բազաներ տեղակայող արաբական երկրների վրա՝ թիրախավորելով Քուվեյթի միջազգային օդանավակայանը և Բահրեյնում գտնվող աղազրկման գործարանը։

Վերջին հարձակումների հետևանքով զոհվել է երկու քուվեյթցի սահմանապահ: Պարսից ծոցի հարավային երկրում հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը:

Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունըհայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո թիրախավորվել է երկրում գտնվող աղազրկման գործարանը։

Բահրեյնը մեղադրել է Թեհրանին քաղաքացիական ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու մեջ։

16:57 8.3.2026

Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իրանից և ամբողջ Մերձավոր Արևելքից շարունակում են հասնել մտահոգիչ լուրեր՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը և նոր ջանքեր գործադրել երկխոսության ուղղությամբ։

Նա զգուշացրել է, որ հակամարտությունը սնուցում է վախ և ատելություն և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ավելի տարածվել։

«Բռնության և ավերածությունների դրվագների, ինչպես նաև ատելության ու վախի տարածված մթնոլորտի հետ մեկտեղ աճում է նաև մտահոգությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել, և տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում՝ Լիբանանը, կարող են կրկին ընկնել անկայունության մեջ», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:

20:44 8.3.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում հրադադարի հնարավորությունը՝ հայտարարելով, որ պետք է լինի հակամարտության «մշտական ավարտ»։

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին պնդել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հրադադար են պահանջում»: «Սա տեղի չի ունենալու:Պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ, և մինչև այդ կետին հասնելը, կարծում եմ, պետք է շարունակենք պայքարը մեր ժողովրդի անվտանգության համար»։

07:37 9.3.2026

Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին:

Նոր ղեկավարի ընտրության համար պատասխանատու Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության սուրբ համակարգի երրորդ գերագույն առաջնորդ է նշանակվել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին:

Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում և կկրի գրեթե բռնապետական լիազորություններ։

07:58 9.3.2026

Իրաքյան Քրդստանում՝ Էրբիլի օդանավակայանի մոտակայքում, ԱՄՆ ռազմական բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակում է տեղի ունեցել, Reuters-ին հայտնել են անվտանգության ծառայությունները:

08:00 9.3.2026

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Թել Ավիվն իրեն իրավունք է վերապահում հարված հասցնել ցանկացած նոր գերագույն առաջնորդի, ով իշխանության կգա Ալի Խամենեիի մահից հետո։

Երբ հայտարարությունից առաջ նրան հարցրել են՝ արդյոք Իսրայելը փորձելո՞ւ է սպանել նոր առաջնորդին, Լապիդը պատասխանել է. «Դա կախված է նրանից, թե ով կլինի առաջնորդը»։

Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի գերագույն առաջնորդի նշանակման մասին հայտարարությունից առաջ զգուշացրել է, որ «Իսրայելը կշարունակի հետևել ցանկացած ժառանգորդի և յուրաքանչյուրին, ով կփորձի նշանակել ժառանգորդ» և «չի հապաղի թիրախավորել» Փորձագետների խորհրդի անդամներից որևէ մեկին, որոնք մասնակցում են նոր առաջնորդի ընտրության նիստին։

Խամենեիի նշանակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանը հայտարարել է, որ հրթիռների համազարկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Պետական հեռարձակող IRIB-ն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է արկի լուսանկար, որի վրա գրված է․ «Ձեր հրամանով, Սեյյեդ Մոջթաբա»։

08:01 9.3.2026

Իսրայելի բանակը հայտարարում է, որ սկսել է հարձակումների ալիք կենտրոնական Իրանում:

08:03 9.3.2026

ԱՄՆ-Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 1332 քաղաքացիական անձ, և վիրավորվել են հազարավոր մարդիկ, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG