Իրաքում ԱՄՆ դեսպանատունը թարմացրել է իր ճանապարհորդական նախազգուշացումը և ԱՄՆ կառավարության՝ արտակարգ իրավիճակների գործողություններին չներգրավված աշխատակիցներին կարգադրել է լքել երկիրը «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Այն նաև նշել է, որ Բաղդադում գտնվող ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվել է օգտվել քաղաքի միջազգային օդանավակայանից՝ անվտանգության ռիսկերի պատճառով։
Պետդեպարտամենտի Հյուպատոսական հարցերով պետքարտուղարի օգնական Մորա Նամդարն ավելի վաղ սոցցանում գրել էր, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն ավելի քան տասնյակ երկրներից՝ «անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով»։
Պաշտոնյան նշել էր, որ այդ երկրներն են՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, օկուպացված Արևմտյան ափը և Գազան, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ «այս պահին ի վիճակի չէ տարհանել կամ ուղղակիորեն օգնել Իսրայելից մեկնող ամերիկացիներին»։
Իսրայելում ԱՄՆ դեսպանը X-ում գրառման մեջ խորհուրդ է տվել մեկնել ցանկացող քաղաքացիներին ճանապարհորդել Եգիպտոսով, այլ ոչ թե Հորդանանով։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Իրանի հարավում գտնվող Գերաշ շրջանում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր վնասների մասին չի հաղորդվում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ուկրաինացի մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու համար, եթե այդ երկրների առաջնորդները համոզեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնվել մեկամսյա հրադադարի։
Զելենսկին Bloomberg-ին ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման չորս տարին թույլ է տվել Կիևին կուտակել անօդաչու թռչող սարքերը որսալու եզակի փորձ, որոնցից շատերը իրանական «Շահիդներ» են։ Իրանն այժմ օգտագործում է այդ ԱԹՍ-երը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի և Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել է Վաշինգտոնի որոշումը՝ հարվածելու իրանական թիրախներին, այն որակելով որպես կանխարգելիչ քայլ և «անխուսափելի սպառնալիքի» պատասխան: Նա զգուշացրել է, որ «ամենածանր հարվածները դեռ սպասվում են ԱՄՆ զինված ուժերի կողմից»։
«Անկասկած, անխուսափելի սպառնալիք կար», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Ռուբիոն։
«Մենք գիտեինք, որ Իսրայելի գործողություն է լինելու։ Մենք գիտեինք, որ դա կհանգեցնի ամերիկյան ուժերի դեմ հարձակման», -նշել է նա՝ հավելելով. «Եթե մենք կանխարգելիչ կերպով չհետապնդեինք նրանց, նախքան նրանք կսկսեին այդ հարձակումները, մենք ավելի մեծ զոհեր կունենայինք։ Սա պետք է տեղի ունենար՝ անկախ ամեն ինչից»։
Ռուբիոյի հայտարարությանը ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն «մտել է Իսրայելի անունից ընտրովի պատերազմի մեջ»։
Իսրայելի զորքերն անցած գիշեր հատել են Լիբանանի հետ սահմանը՝ խորանալով հարևան երկրի տարածքում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ նշելով, որ իսրայելցի զինվորականները այդ քայլին են դիմել «առաջնագծի ամրապնդման նպատակով»։
«Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ակտիվ մասնավոր շփումներ են սկսել իրենց դաշնակիցների հետ՝ Իրանի շուրջ ռազմական գործողությունները հնարավորինս արագորեն դադարեցնելու նպատակով», - գրում է Bloomberg գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի երկու պետությունները, դաշնակիցների միջոցով, փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի Վաշինգտոնը Իրանի հետ որոշակի փոխզիջման գնա և կողմերի միջև հրադադար հաստատվի։
«Քաթարն ու ԱՄԷ-ն փորձում են մեծ կոալիցիա ձևավորել՝ շուտափույթ դիվանագիտական լուծումների հասնելու նպատակով։ Դա, ըստ արաբական միապետությունների ներկայացուցիչների, թույլ կտա կանխել տարածաշրջանային հետագա էսկալացիան, ինչպես նաև միջազգային շուկայում էներգակիրների երկարաժամկետ գնաճը», - գրում է Bloomberg-ը։
Իրանում Իսրայելի և Միացյալ Նահանգների համատեղ օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իսլամական հանրապետության Կարմիր մահիկի կոմիտեն։
Զոհերից 180-ը, ըստ պաշտոնական Թեհրանի, զոհվել են Մինաբ քաղաքի տարրական դպրոցին հասցված իսրայելական հարվածի հետևանքով։
«Չգիտենք՝ երբ կբացվի օդային տարածքը». չեղարկված թռիչքի պատճառով հայերն Աբու Դաբիում են մնացել
Ըստ Mehr գործակալության՝ Իրանի արևմտյան Համադան քաղաքում սպանվել է առնվազն հինգ, վիրավորվել 25 խաղաղ բնակիչ:
Իրանի բանակի հաղորդմամբ՝ Քերման նահանգում գտնվող ռազմաբազային հասցված հարվածից 13 զինվոր է զոհվել: Ռազմաօդային ուժերի և նավատորմի հինգ անդամ էլ, ըստ ISNA գործակալության, զոհվել է Բուշեհր նահանգում: Պայթյուններ են լսվել նաև Սպահանում և Շիրազում: