Չինական խոշոր նավթավերամշակողներից մեկը փակել է արտադրամասերից մեկը, որը նավթ էր գնում Սաուդյան Արաբիայի Saudi Aramco-ից: Սաուդական հսկան անօդաչուի հարվածից հետո կասեցրել էր գործունեությունը:
Հնդկական ընկերություններն էլ կրճատել են գազի մատակարարումը արդյունաբերական ձեռնարկություններին, երբ Կատարը դադարեցրեց հեղուկ բնական գազի արտադրությունը։
Իսրայելի բանակը հայտնել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի նախագահի նստավայրի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքերի վրա։ Հարվածել են նաև ռազմական ուսհաստատության և «ռեժիմի լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքների»։
«Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել միջուկային զենքի ստեղծմանն ուղղված ջանքերը, և ոչ միայն Իրանում», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այդպիսի խթաններ անմիջապես ի հայտ կգան Իրանին սահմանակից արաբական երկրներում։ Այդ իսկ պատճառով միջուկային զենքի տարածումը կանխելու մղումով մեկնարկած պատերազմը կարող է տրամագծորեն հակառակ միտումները խթանել», - հայտարարել է Լավրովը։
Մերձավոր Արևելքում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը միջազգային շուկաներում շարունակում է աճել։
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում աճել է շուրջ 5 դոլարով (6 տոկոս)՝ հասնելով 82․68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Սա Brent տեսակի նավթի ամենաբարձր գինն է 2024 թվականի հուլիսից ի վեր։
Մոտ 7 տոկոսով աճել է նաև WTI տեսակի նավթի գինը՝ հասնելով 75.91 դոլար մեկ բարելի դիմաց ցուցանիշին։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) հայտնում է, որ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև բախումների հետևանքով երկուշաբթից ի վեր Լիբանանում առնվազն 30 հազար տեղահանված անձ ապաստան և պաշտպանություն է փնտրում:
«Շատերը գիշերել են իրենց ավտոմեքենաներում՝ ճանապարհների եզրին, կամ դեռ արգելափակված էին ճանապարհների խցանումներում», - ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի խոսնակ Բաբար Բալոչը։
Իսրայելի «Channel 12»-ը հաղորդում է, որ բեկորային մարտագլխիկով հրթիռը հարվածել է Իսրայելի կենտրոնական Պետահ քաղաքին։
Times of Israel-ը հաղորդում է, որ իրանական հրթիռի բեկորները վնասներ են պատճառել, սակայն մանրամասներ չի հաղորդում։ Վիրավորների մասին ևս չի հաղորդվում:
Սաուդյան Արաբիան դատապարտել է Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա Իրանի հարձակումը՝ նշելով, որ այն «դավաճանական» քայլ է:
Էր Ռիադը նաև նշել է, որ թագավորությունը վերահաստատում է իր իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր միջոցները երկիրը և երկրի շահերը պաշտպանելու համար, ներառյալ ցանկացած ագրեսիայի պատասխանելու հնարավորությունը։
Իսրայելի զինված ուժերը հարկադիր տարհանման զգուշացում են տարածել հարավային Լիբանանի 59 քաղաքներում և գյուղերում՝ Լիբանանի և Իրանի դեմ պատերազմի սրման ֆոնին։
Իսրայելի բանակը այս բնակավայրերի բնակիչներին հորդորել է լքել իրենց տները՝ զգուշացնելով, որ շուտով միջոցներ կձեռնարկի «Հեզբոլա»-ի դեմ:
Հրամանները վերաբերում են հարավի երկու տասնյակից ավելի քաղաքների,
և փաստացի ընդլայնվում է այն տարածքը, որն անխուսափելի ռազմական գործողությունների սպառնալիքի տակ է հայտնվում:
Ռուսաստանը դեռ որևէ ապացույց չի տեսել, որ Իրանը միջուկային զենք է մշակում, մինչդեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են իրենց հարձակումները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
«Մենք դեռ որևէ ապացույց չենք տեսնում, որ Իրանը միջուկային զենք է մշակում, ինչը պատերազմի հիմնական, եթե ոչ միակ արդարացումն էր», - Բրունեյում հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ասել է, որ Իրանի վրա հարձակումների հետևանքներն զգացվում են ամբողջ տարածաշրջանում, և արաբական երկրները տնտեսական վնասներ և կորուստներ են կրում։
Թուրքիան բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու և բանակցություններին վերադարձի նպատակով, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ Անկարան ակտիվ շփումների մեջ է Օմանի կառավարության հետ, որն, ըստ Ֆիդանի, «ևս փորձում է որևէ արդյունքի հասնել»։