Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

11:16 2.5.2026

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտության վերսկսումը «հավանական է», քանի որ խաղաղության բանակցությունները մնում են փակուղում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի վերջին առաջարկը:


10:39 2.5.2026

Լիբանանը հայտնում է՝ Իսրայելի հարվածներից 13 զոհ կա

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Իսրայելի հարվածների հետևանքով երկրի հարավում զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի քաղաքում, որտեղ Իսրայելի բանակը տարհանման հրաման էր տվել՝ չնայած հրադադարին:

09:40 2.5.2026

Թրամփը գոհ չէ Իրանի առաջարկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։

Երեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստացնի միջնորդների միջոցով փոխանցել: Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։

«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց... ես դրանից գոհ չեմ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը «շատ անհամաձայնեցված» է և բաժանված է երկու կամ երեք խմբի։

«Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հեռախոսով բանակցությունները շարունակվում են։

Նախօրեին Ֆլորիդայում ունեցած ելույթի ժամանակ, Թրամփն ասել է նաև, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ առճակատումը վաղաժամկետ չի դադարեցնի, որպեսզի «երեք տարի անց խնդիրը կրկին առաջանա»:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին թույլ չի տրվի ունենալ միջուկային զենք։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե Միացյալ Նահանգները փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։

Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։

16:29 1.5.2026

Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով իր նոր առաջարկն ուղարկել է ԱՄՆ-ին. IRNA

Իրանը խաղաղության նոր առաջարկ է երեկ փոխանցել պակիստանցի միջնորդներին, հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը՝ առանց որևէ պաշտոնյայի հղում անելու: Նույնը հայտնել է Al Jazeera-ն՝ իրանցի դիվանագիտական աղբյուրին հղումով:

Նախորդ առաջարկն ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չէր ընդունել: Դրանով Իրանն առաջարկում էր շարունակել բանակցությունները, իսկ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային:

13:35 1.5.2026

Իրանը սպառնացել է «երկարատև և ցավոտ հարվածներով» պատասխանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները և վերահաստատի իր պահանջը Հորմուզի նեղուցի նկատմամբ:

Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ աշխարհը տեսել է, թե ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ամերիկյան բազաների հետ պատերազմի օրերին: «Նույնը տեղի կունենա նաև ձեր ռազմանավերի հետ»,- սպառնացել է Մաջիդ Մուսավին։

Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը կխորացնի Պարսից ծոցում մատարարումների խափանումները և չի ծառայի իր նպատակին: Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին և դատապարտված է ձախողման, նշել է Մասուդ Փեզեշքիանը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության և անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումն անհանդուրժելի է»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

13:33 1.5.2026

Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ ամեն ինչ կանեն իրենց «օկուպացված հողերի յուրաքանչյուր թիզը վերադարձնելու» համար:

12:54 1.5.2026

Գիշերը Թեհրանում ակտիվացվել են ՀՕՊ համակարգերը

Ենթադրյալ անօդաչուների գործողություններին ի պատասխան՝ գիշերը Թեհրանում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը, մայրաքաղաքի մի քանի կետից ՀՕՊ կրակի ձայներ են լսվել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ կիսապաշտոնական Tasnim և Fars լրատվական գործակալությունների՝ քաղաքում լսված ՀՕՊ գործողությունը տևել է մոտ 20 րոպե։ Հակաօդային պաշտպանության համակարգերը Թեհրանի երկնքում թիրախավորում էին «փոքր ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր»։

Ըստ հաղորդումների՝ ի սկզբանե հստակ չէր՝ ՀՕՊ համակարգերի կիրառումը իրանական վարժա՞նք էր, թե՞ իրական արձագանք։

Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ՀՕՊ համակարգերը գործադրվել են օդային օբյեկտների դեմ՝ չմանրամասնելով դրանց ծագման կամ խոցման մասին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը տևել է մոտ 20 րոպե, որից հետո դադարել է։ Նշվում է, որ Թեհրանում իրավիճակը վերադարձել է բնականոն վիճակի, տուժածների կամ վնասների մասին չեն հաղորդվում։

09:59 1.5.2026

Լրանում է առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ պատերազմ վարելու ժամկետը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետի առջև է. կա՛մ ավարտելու Իրանի դեմ պատերազմը, կա՛մ Կոնգրեսին հիմնավորելու դրա երկարաձգումը, գրում է Reuters-ը։

Լրատվամիջոցի դիտարկմամբ, սակայն, ակնկալվում է, որ օրը կանցնի առանց էական զարգացումների, քանի որ հակամարտությունը ռազմական գործողություններից վերածվել է ծովային բեռնափոխադրումների ուղիների փակուղային դիմակայության։

Նշվում է, որ պաերազմի ավարտը թվում է խիստ անհավանական։

Փորձագետները և կոնգրեսականների օգնականները ակնկալում են, որ Թրամփը Կոնգրեսին կտեղեկացնի, որ նախատեսում է պատերազմը 30 օրով երկարաձգել, կամ պարզապես կանտեսի օրենքով սահմանված վերջնաժամկետը։ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Իրանի հետ գործող հրադադարի հաստատումը նշանակում է հակամարտության ավարտ, գրում է Reuters-ը։

08:57 1.5.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն:

Նավթի համաշխարհային գները ավելի վաղ հասել էին չորս տարվա ամենաբարձր մակարդակին՝ մեկ բարելի համար ավելի քան 126 դոլարի: Սա այն մտավախությունների պատճառով, որ հակամարտությունը կարող է հանգեցնել երկարատև ճգնաժամի։

08:56 1.5.2026
Իսրայել Կաց
Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ստիպված լինել Իրանի դեմ «կրկին գործել», որպեսզի Թեհրանը կրկին «սպառնալիք» չդառնա։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համակարգմամբ գլխավորում է ռազմական արշավի նպատակներին հասնելու ջանքերն այնպես, որ Իրանն ապագայում կրկին սպառնալիք չդառնա Իսրայելի, Միացյալ Նահանգների և ազատ աշխարհի համար», - ասվում է Կացի գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ։

«Մենք աջակցում ենք այս ջանքերին և տրամադրում ենք անհրաժեշտ աջակցությունը, սակայն հնարավոր է, որ շուտով մենք կրկին ստիպված լինենք գործել՝ այս նպատակներին հասնելու համար», - նշվում է հայտարարության մեջ։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ պատերազմը դադարեցվեց ապրիլի 8-ին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի շնորհիվ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG