«Իսլամաբադում Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը խանգարեցին Միացյալ Նահանգների բարի կամքի բացակայությունն ու [ամերիկյան կողմի] առավելապաշտական դիրքերից հանդես գալը»,- այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում։
«Սպառնալիքները, ճնշումն ու ռազմական գործողությունները էլ ավելի կբարդացնեն այն խնդիրները, որոնք ստեղծվել են տարածաշրջանում Միացյալ Նահանգների գործողությունների հետևանքով»,- IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ընդգծել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի փոխանցմամբ՝ չնայած առկա լարվածությանը Թեհրանում համոզված են, որ առկա խնդիրների լուծման գերադասելի ուղին դիվանագիտականն է։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները, ապա Իրանը կկիրառի այնպիսի կարողություններ, «որոնց մասին թշնամին պատկերացում անգամ չունի» և դրանց հակազդելու «շատ սահմանափակ կարողություն կունենա»:
Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը:
Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ նախագահ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է նույնկերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության: Վենսը զգուշացրել է՝ եթե իրանցիները շարունակեն փակել ջրային այս կարևորագույն անցուղին և չհամաձայնել ԱՄՆ առաջարկներին, ապա ԱՄՆ-ն թույլ չի տա, որ իրանական որևէ նավ դուրս գա նեղուցից:
AFP-ին հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պակիստանը աշխատում է բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու համար:
«Աշխատանքներ են տարվում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, իհարկե, մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան Իսլամաբադ, բայց վայրը դեռևս վերջնականապես որոշված չէ», - հայտնում է AFP-ին՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեն՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AFP-ն:
Լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանց սկսվելը՝ դրանք որակելով «անօգուտ»։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։
AP-ի հաղորդմամբ՝ մինչև ԱՄՆ-Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ավարտը, քննարկվում է նոր բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
AP-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադը կրկին քննարկվում է որպես հանդիպման անցկացման վայր։ Ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցին նաև նշել են, որ հնարավոր է նաև Ժնևում տեղի ունենան բանակցությունները: Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չեն, սակայն բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի հետ շարունակական փոխգործակցություն կա և առաջընթաց է նկատվում համաձայնության հասնելու ջանքերի հարցում: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նույնպես ասել է, որ հակամարտությունը լուծելու ջանքերը դեռևս ընթացքի մեջ են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը երկուշաբթի օրը կապի մեջ է եղել և ցանկանում է համաձայնագիր կնքել: Թրամփն ընդգծել է, սակայն, որ հավանություն չի տա որևէ համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին միջուկային զենք ունենալ։
«Իրանը միջուկային զենք չի ունենա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը»։
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված չինական տանկերը նախօրեին անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանած շրջափակմանը, հայտնում է Reuters-ը:
Տվյալները ցույց են տալիս, որ «Ռիչ Սթարրի»-ն առաջինը կլինի, որը կանցնի նեղուցով և դուրս կգա ծոցից՝ շրջափակման սկսվելուց ի վեր։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել տանկերի և դրա սեփականատիրոջ նկատմամբ՝ Իրանի հետ գործարքներ կնքելու համար։ Ընկերությունից առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:
Տվյալները ցույց են տալիս, որ տանկերի անձնակազմը չինացի է։
Ըստ LSEG-ի տվյալների՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող մեկ այլ տանկեր՝ «Մուրլիկիշանը», նույնպես երեքշաբթի օրը ուղևորվել է նեղուց:
Իրանից վտարված շահի որդի Ռեզա Փահլավին հայտարարել է, որ մշտական կապի մեջ է արտերկրում գտնվող իրանական ընդդիմության տարբեր խմբերի հետ՝ կրկին ընդգծելով իր ցանկությունը «ծառայել որպես միավորող ազգային գործիչ, այլ ոչ թե կուսակցական»։
Փահլավին այս մասին ասել է Ստոկհոլմ կատարած այցի ընթացքում, որտեղ ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ պահպանողական Քրիստոնյա դեմոկրատների և ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության հրավերով։