Մինչ Իրանը հարձակման է ենթարկվում, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ իրանական հրթիռներն ուղղվում են դեպի իրենց սահմաններ:
Բանակը հայտնել է, որ պաշտպանական համակարգերն աշխատում են հրթիռները որսալու ուղղությամբ:
Թեհրանում այս պահին հրթիռակոծություներ են, հաղորդում է BBC-ն:
Նշվում է նաև հարևան Քարաջ քաղաքում հրթիռների ընկնելու մասին:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է «իսրայելական հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների, ենթակառուցվածքների և համալսարանների վրա»: «Իսրայելը և նրա հանցակիցը կարծում են, որ գիտելիքը կարելի է ոչնչացնել ռմբակոծություններով», -գրել է Արաղչին X-ում:
Հայաստանի ամերիկյան համալսարանը վաղվանից՝ մարտի 31-ից, վերականգնում է դասերն առկա ձևաչափով:
Համալսարանն այսօր դասերն առցանց ձևաչափով էր անցկացրել՝ Իրանի կողմից տարածաշրջանի ամերիկյան համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին:
Ուսումնական հաստատությունը նշել է, որ Հայաստանի կրթության սպորտի նախարարությունից հավաստիացում են ստացել, որ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ։
«Մեծ յոթնյակի» տնտեսության և ֆինանսների նախարարներն այսօր հայտարարել են, որ պատրաստ են ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու էներգետիկ շուկայի կայունությունը։
Նախարարները հավաքվել էին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական հետևանքները։
Դուբայը հաստատել է 272.26 միլիոն դոլար տնտեսական աջակցությունը բիզնեսին, որը կիրականացվի ապրիլի 1-ից և կտևի երեքից վեց ամիս։ Այս մասին X հարթակում հայտարարել է Դուբայի թագաժառանգը։
Աջակցության նպատակն է բարձրացնել Էմիրության տնտեսության ճկունությունը, օգնել բիզնեսներին հաղթահարել ներկայիս տնտեսական պայմանները։
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից, տեղեկացնում է Թուրքիայի ՊՆ-ն:
Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ- Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։
Գերմանիայի կանցլերն այսօր հայտարարել է, որ Իրանի պատերազմի տնտեսական հետևանքները կարող են Covid-ի պես լինել։
«Այս պատերազմը ազդում է բոլորիս վրա։ Այն մտել է մեր առօրյա։ Եթե այս պատերազմը վերածվի լայնածավալ տարածաշրջանային հակամարտության, այն կարող է դառնալ ավելի ծանր բեռ Գերմանիայի և Եվրոպայի համար, այնպիսին ինչպիսին զգացինք Covid համաճարակի ժամանակ կամ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր»,- ասել է Ֆրիդրիխ Մերցը:
Նա հավելել է, որ պետք է գտնել եղանակներ, և որ հարցը չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով։
Եգիպտոսի նախագահ Ադդել Ֆաթթահ ալ-Սիսին հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը։
«Ոչ ոք չի կարող դադարեցնել պատերազմը մեր տարածաշրջանում, Միջերկրական ծովում, Ձեզնից բացի։ Խնդրում եմ, պարոն նախագահ, խնդրում եմ։ Խնդրում եմ օգնեք մեզ կանգնեցնել պատերազմը։ Դուք կարող եք դա անել»,- հայտարարել է Սիսին Կահիրեում անցկացված Եգիպտոսի էներգետիկ ցուցահանդես 2026 կոնֆերանսում։
Սիսիի խոսքով՝ պատերազմը կհանգեցնի մատակարարման պակասի և գների բարձրացման կրկնակի ցնցումների, որոնց ամբողջ ծավալը դեռևս չի զգացվել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունն ընթանում է սպասվածից արագ և կտևի մի քանի շաբաթ։
«Մենք ընթանում ենք ծրագրի համաձայն և, անկեղծ ասած, որոշ ուղղություններով նույնիսկ առաջ ենք։ Մենք կհասենք մեր նպատակներին մի քանի շաբաթում, ոչ թե ամիսների ընթացքում»,- ասել է Ռուբիոն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։