Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը «ոչնչացվել» է գիշերային հարվածի արդյունքում։
Իրանից դեռևս չկա որևէ պաշտոնական հաստատում Խաթիբի մահվան վերաբերյալ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Wall Street Journal»-ի այն հաղորդումը, թե Ռուսաստանը սատարում է Իրանին արբանյակային պատկերների և բարելավված անօդաչու սարքերի տեխնոլոգիայի հարցում, «կեղծ » են։
«Wall Street Journal»-ը երեկ էր գրել, որ Ռուսաստանը ընդլայնում է հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ տրամադրելով արբանյակային պատկերներ և բարելավված անօդաչու սարքերի տեխնոլոգիա՝ Թեհրանի համար ԱՄՆ զորքերի գոտում հարվածներ հասցնելու նպատակով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն Ինջիրլիք ավիաբազայում տեղակայում է նոր Patriot հրթիռային համակարգ։ Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը մի քանի օր առաջ Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռը խոցելու մասին տեղեկատվությանը։
«Մեկ այլ Patriot համակարգ կտեղակայվի այնտեղ` արդեն տեղակայված իսպանական Patriot-ին լրացնելով», - լրագրողներին հայտնել է նախարարության ներկայացուցիչը Ադանայից ոչ հեռու գտնվող ավիաբազայում։
Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված են Միացյալ Նահանգների, Կատարի, Իսպանիայի և Լեհաստանի անձնակազմերը, ինչպես նաև թուրքական զորքերը։
Իրանի միջուկային ծրագրի ապագան կսահմանի Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին: Այդ մասին այսօր «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Այս պահին ես այն դիրքում չեմ, որպեսզի գնահատեմ, թե ինչպիսին կլինի նոր առաջնորդի դիրքորոշումը այս հարցում՝ իրավական կամ քաղաքական տեսանկյունից։ Ինչպես հասկանում եմ, այն չպետք է էապես տարբերվի մեր նախկին գծից, սակայն պետք է սպասենք, մինչև նրա տեսակետները հստակ դառնան», - ասել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ընդգծելով՝ Իրանի միջուկային ծրագիրը «միշտ ունեցել է խաղաղ բնույթ»։
«Մենք միշտ ձգտել ենք և շարունակում ենք ձգտել իրականացնել մեր օրինական իրավունքը՝ օգտագործելու ատոմային էներգիան խաղաղ նպատակներով», - ասել է Արաղչին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լարիջանիի սպանությունը չի խաթարի կառավարության աշխատանքը, քանի որ դա անհատներից կախված չէ. Իրանն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով, ասել է Արաղչին:
Արաղչին պնդել է, որ Իրանի գերագույն առաջնորդը փետրվարի 28-ի հարձակման ժամանակ միայն թեթև վնասվածքներ է ստացել: Մոջթաբա Խամանեին ողջ և առողջ է ու լիովին վերահսկում է իրավիճակը, վստահեցրել է նա:
Իսրայելի հարվածներից այսօր առավոտյան Բեյրութի կենտրոնում առնվազն 12 մարդ է սպանվել։ Այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Բաստա և Զուքաք ալ-Բլատ թաղամասերում իրականացված հարվածների հետևանքով վիրավորների թիվն անցում է 40-ը։
Իրանի դատական իշխանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված մի տղամարդ։
Դատական համակարգին առընթեր Mizan Online կայքի փոխանցմամբ՝ մահապատժի ենթարկվածը Քուրոշ Քեյվանին է։ Իրանական կողմի պնդմամբ՝ նա Մոսադի աշխատակիցներին փոխանցել էր երկրի զգայուն օբյեկտների լուսանկարներ և տեղեկություններ։
Իրանական աղբյուրները նշում են, որ Քեյվանին ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա վերապատրաստում էր անցել «վեց եվրոպական երկրներում և Թել Ավիվում»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում՝ հավելելով, որ միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ պետք է դեմ արտահայտվեն հակամարտությանը։
«Համաշխարհային հետևանքների ալիքը նոր է սկսվել և կհասնի բոլորին՝ անկախ հարստությունից, հավատքից կամ ռասայից»,- X-ում գրել է Արաղչին՝ գրառմանը կցելով ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի՝պատերազմի պատճառով արված հրաժարականի հայտարարության պատճենը։
«Միջազգային հանրության ավելի շատ անդամներ պետք է հետևեն այդ օրինակին»,- հավելել է նա։
Իրանը կասետային մարտագլխիկներով հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիի սպանության, հաղորդել է իրանական պետական հեռուստատեսությունը։
Հարվածի հետևանքով Թել Ավիվի խիտ բնակեցված հատվածին մոտ գտնվող թաղամասում, որտեղ նաև կարևոր ռազմական օբյեկտներ կան, երկու մարդ է զոհվել: Այդպիսով, պատերազմի ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 14-ի։
Մի քանի ժամ շարունակված լռությունից հետո Թեհրանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ Իսլամական հանրապետության Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ այսօր երեկոյան Ռիադում կանցկացվի մի շարք արաբական և իսլամական երկրների արտգործնախարարների խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու ուղիները։