Թուրքիան հայտարարում է, որ ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է երկրի հարավարևելքում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես դաշինքի քայլերից մեկը՝ ուժեղացնելու օդային պաշտպանությունը Իրանի պատերազմի պայմաններում առաջացած հրթիռային սպառնալիքների դեմ։
Այն տեղակայվում է Մալաթիա նահանգում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ռադարային բազան, որը կարևոր տվյալներ է տրամադրում դաշինքի համար և օգնել է վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերել Թուրքիայի ուղղությամբ երկու իրանական բալիստիկ հրթիռներ։
Իսրայելական «12-րդ ալիքը», իր աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Իսրայելը երեկ հարվածել է Թեհրանում գտնվող միջուկային լաբորատորիաների։
Իրանը դեռ չի մեկնաբանել:
Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանից արևմուտք գտնվող Արակ քաղաքում բնակելի շենքին ավիահարվածից հինգ մարդ է սպանվել, մի քանիսը՝ վիրավորվել։
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը հրթիռային նոր հարձակում է գործել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամում 191 մարդ է վիրավորվել իրանական հարվածներից:
Իրանի ռեժիմի տապալումը Իրանի ժողովրդի ձեռքում է, Times of Israel-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մեր ձգտումն է Իրանի ժողովրդին ազատել բռնապետության լծից», - ասել է Նեթանյահուն՝ նշելով. «Ի վերջո, դա կախված է նրանցից։ Բայց կասկած չկա, որ մինչ այժմ ձեռնարկված գործողությունների միջոցով մենք կոտրում ենք նրանց ոսկորները, և մեր ձեռքը դեռ մեկնված է»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին PBS News Hour-ի հետ զրույցում հայտարարել է՝ չի կարծում, թե ԱՄՆ-ի հետ բանակցությունները «այլևս կլինի օրակարգում»։
Արաղչին ասել է, թե փետրվարին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ամերիկյան կողմը պնդել է, որ «չունեն հարձակվելու որևէ մտադրություն», այնուամենայնիվ դա արել են:
Արաղչին ասել է, որ դեռ «շատ վաղ է», որպեսզի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկնաբանություններ տա ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, Միացյալ Նահանգները «քսան անգամ ավելի ուժեղ» կհարվածի, քան մինչ այժմ հարվածներ են ստացել։
«Բացի այդ, մենք կոչնչացնենք հեշտությամբ ոչնչացվող թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ թույլ չի տա Մերձավոր Արևելքից «մեկ լիտր նավթ» առաքել, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները շարունակվեն:
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայրաքաղաք Մանամայի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։
«Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, իսկ մյուսները վիրավորվել են մայրաքաղաքում բնակելի շենքի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով», - նշել է նախարարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածքում ևս մեկ իրանական բալիստիկ հրթիռ խոցելը։
Էրդողանը Փեզեշքիանին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով» և որ «Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը «ցանկանում է օգտակար լինել» Իրանի հակամարտության հարցում։
«Ես ասացի՝ Դուք կարող եք ավելի օգտակար լինել՝ ավարտելով Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը։ Դա ավելի օգտակար կլինի», - նշել է Թրամփը։
Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության օգնականը հայտարարել է, որ Պուտինը գաղափար է առաջարկել «իրանյան հակամարտության արագ և դիվանագիտական ավարտի» համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցյալ ամիս Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել է «շատ-շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։
«Մենք շատ վճռական հաղթում ենք։ Մենք շատ ավելի առաջ ենք ժամանակացույցից», - նշել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։
«Դա շուտով կավարտվի»։ Հարցին, թե արդյոք այն կավարտվի՞ այս շաբաթ, ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ՝ ոչ, բայց ասել է. «Շուտով, շատ շուտով»։
«Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը և փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը։ Եվ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, հարվածները կլինեն շատ-շատ ավելի ուժեղ մակարդակով», - ասել է Թրամփը։