Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ իմաստ ունի՞ արդյոք սկսել ցամաքային ռազմական գործողություններ Իրանում։
«Մենք այդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չենք ընդունել։ Մենք դրանից դեռ շատ հեռու ենք», - ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։
Պարբերականը նշում է, որ այսպես Միացյալ Նահանգների նախագահը մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ վարչակազմում քննարկում են ամերիկացի զինվորականների Իրան ուղարկելու և Սպահանում պահվող միջուկային նյութերը վերցնելու հարցը։
Թրամփը նաև հայտարարել է, թե գոհ չէ, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, սակայն չի բացահայտել՝ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել հետագայում։
«Ես չեմ պատրաստվում ձեզ ասել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ավստրալիան «չափազանց մեծ մարդասիրական սխալ է գործում», թույլ տալով, որ Իրանի կանանց ազգային ֆուտբոլի թիմը վերադառնա երկիր։
Թրամփը հորդորել է Ավստրալիայի վարչապետին ապաստան տրամադրել՝ թիմի անդամներին պաշտպանելու համար։
Թրամփի այս մեկնաբանությունը կապված է լայն միջազգային մտահոգությունների հետ՝ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստները, ելույթ ունենալով Women's Asian Cup մրցաշարում՝ Ավստրալիայում, հրաժարվել էին երգել Իրանի ազգային օրհներգը, ինչի պատճառով նրանց անվանել են «պատերազմական դավաճաններ»:
Միջազգային իրավապաշտպաններ և կազմակերպություններ կոչ էին արել Ավստրալիայի իշխանություններին ապահովել մարզիկների անվտանգությունը և թույլ տալ նրանց փնտրել ապաստան՝ պաշտպանվելով բռնությունից կամ հետապնդումից։
Իրան անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ռազմավարական Հորմուզի նեղուցում անվտանգությունը չի կարող վերականգնվել, քանի դեռ շարունակվում է պատերազմը։
«Անհավանակ է, որ որևէ անվտանգություն հնարավոր լինի ապահովել Հորմուզի նեղուցում այն կրակների պայմաններում, որոնք տարածաշրջանում բորբոքել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը», - գրել է Լարիջանին X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Ֆրանսիան էր հայտնել, որ իր դաշնակիցների հետ պատրաստվում է «պաշտպանական» առաքելություն իրականացնել՝ նեղուցում նավարկությունը վերականգնելու նպատակով։
ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել է Իրանին ամբողջ աշխարհին պատանդառելու մեջ: Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները հաջողությամբ է իրականացնում իր ռազմական նպատակները պատերազմում։
«Այս հոգևորական ռեժիմը վտանգ է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Իրանը փորձում է պատանդ վերցնել ամբողջ աշխարհը։ Նրանք հարձակվում են հարևան երկրների, նրանց էներգետիկ ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության վրա։ Այս առաքելության նպատակը նրանց կարողությունները ոչնչացնելն է, և մենք լավ ճանապարհի վրա ենք՝ հասնելու դրան», - հայտարարել է պետքարտուղարը։
Human Rights Watch-ը մեղադրել է Իսրայելին վերջին շաբաթվա ընթացքում Լիբանանի հարավում բնակելի շրջանում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ։ Այսօր հրապարակած հաշվետվությունում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ հաջողվել է աշխարհագրականորեն տեղայնացնել յոթ այդպիսի դեպք։
Իսրայելի բանակը դեռ չի մեկնաբանել այս մեղադրանքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Իրանի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցով 11 երկրներ դիմել են Կիևին օգնության համար։
«Կան հստակ հետաքրքրություններ Ուկրաինայի փորձի նկատմամբ, որը վերաբերում է կյանքի պաշտպանությանը, համապատասխան անօդաչու կասեցնող սարքերին, էլեկտրոնային պատերազմների համակարգերին և ուսուցմանը», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ չնշելով, սակայն, թե որոնք են այդ երկրները։
Զելենսկին առաջարկել է փոխանակել Կիևի անօդաչու կասեցնող սարքերը հակաօդային պաշտպանության թանկարժեք հրթիռների հետ, որոնց պակասն ունի Ուկրաինան։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:
«Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն», - ուղերձում նշել է Փաշինյանը։
ՆԱՏՕ-ի ուժերը հարվածել են իրանական բալիստիկ հրթիռի, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Լուրը հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ժամանել է Կիպրոս՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Մակրոնը Պաֆոս է հասել, հանդիպել նախագահի՝ Նիկոս Քրիտոդուլիդիսի և վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հետ։
Ֆրանսիան Միջերկրական ծով էր տեղափոխել ռազմական նավեր, այդ թվում՝ «Charles de Gaulle» ավիակիր նավը, ֆրիգատ և հակաօդային պաշտպանական միավորներ, որպեսզի ամրապնդի պաշտպանությունը այդ տարածաշրջանում և ցույց տա իր աջակցությունը Կիպրոսին։
Լիբանանի խորհրդարանը որոշել է երկու տարով հետաձգել այս տարվա մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահը՝ ընդգծելով, որ որոշումը պայմանավորված է պատերազմով, որը ծավալվել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման և Իսրայելի միջև։