Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

14:19 5.3.2026
Դոհա, Կատար, մարտի 3
Դոհա, Կատար, մարտի 3

Պայթյուններ են լսվել Բահրեյնում, Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ տարհանվել է ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքի բնակչությունը:

Քուվեյթի ափերի մոտ Իրանը լցանավի է հարվածել, ինչից հետո նավթի արտահոսք է եղել: Օմանում էլ վառելիքի պահեստ է վնասվել հարձակումից:

14:16 5.3.2026

Իսրայելը հայտնել է, որ Իրանը մի քանի հրթիռ է արձակել իր ուղղությամբ, զոհերի կամ վնասների մասին չի հաղորդվում: Երուսաղեմում պայթյուններ են լսվել:

14:15 5.3.2026
Բեյրութ, Լիբանան, մարտի 5, 2026թ.
Բեյրութ, Լիբանան, մարտի 5, 2026թ.

Լիբանանում Իսրայելի բանակը հարվածել է Բեյրութում «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոններին, կան զոհեր և վիրավորներ: Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ սպանվել է նաև «Հեզբոլա»-ի հրամանատարներից մեկը: Զոհեր կան նաև Լիբանանի հարավում:

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ խմբավորումը «չի հանձնվի»։

Ըստ լիբանանցի պաշտոնյաների՝ Իսրայելի գործողությունների հետևանքով ավելի քան 80 հազար մարդ է տեղահանվել։

14:13 5.3.2026

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրանի դեմ պատերազմի միայն առաջին երկու օրերին մոտ 100 հազար մարդ է լքել Թեհրանը:

Մարդիկ լքում են Իրանը Թուրքիայի անցակետով, մարտի 2, 2026թ.
Մարդիկ լքում են Իրանը Թուրքիայի անցակետով, մարտի 2, 2026թ.


14:08 5.3.2026

Իսրայելի բանակը Իրանի դեմ պատերազմի 6-րդ օրը լայնամասշտաբ նոր հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին, թիրախավորելով պետական ենթակառուցվածքները:

Բանակը հայտնել է, որ Ղոմ քաղաքում հրթիռի արձակման հարթակ է ոչնչացրել, Սպահանում՝ հակաօդային պաշտպանության համակարգ: Հարվածել են նաև Քարաջ քաղաքին:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտնել է, որ շարունակում է քայլերը՝ վերացնելու Իրանի հրթիռային արձակման շարժական հնարավորությունները:

14:00 5.3.2026

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Նախիջևանի տարածքին հասցված հարվածները՝ հայտարարելով, որ դրանք անպատասխան չեն մնա։

Թեհրանը հերքում է հարվածների մասին հաղորդումները:

13:59 5.3.2026

Անկարայում հայտարարում են, որ «ուշի ուշով հետևում են իրանցի քրդերի գործողություններին», հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ այսօր տարածած հայտարարությունը։

«Մի շարք խմբերի, այդ թվում՝ ահաբեկչական PJAK կազմակերպության գործողությունները, որոնք նպաստում են էթնիկ անջատողականության աճին, բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն Իրանի անվտանգության, այլև ողջ տարածաշրջանի կայունության վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

13:15 5.3.2026

Տեսանյութում Նախիջևանն է

12:50 5.3.2026

Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ է տուժել, հայտնել է պաշտոնական Բաքուն՝ հավելելով՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել:

12:49 5.3.2026

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաստատել է ԶԼՄ-ների հաղորդումները Իրանի տարածքից Նախիջևանին հարված հասցնելու մասին: Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG