Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային քրդական շրջանում «թշնամական թիրախներ» է ոչնչացրել:
ԻՀՊԿ-ն նշել է, որ դրանք պատկանում են այն խմբավորումներին, որոնց մեղադրում է Իրան ներթափանցելու և երկրի ներսում գործողություններ իրականացնելու պլանավորման մեջ։
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների արձագանք չի եղել այս հարվածների վերաբերյալ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
Իրանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է իրականացնել իր գործառույթներն ամբողջ երկրում՝ չնայած է՛լ ավելի սրվող պատերազմին:
X-ում գրառման մեջ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ՝ իշխանությունները սերտ կապի մեջ են մարզային ղեկավարության հետ և նրանց հետ համակարգում են իրենց գործողություննեը:
«Մենք անմիջական կապի մեջ ենք նահանգապետերի հետ։ Իրավիճակը բացառիկ է, բայց երկրի գործունեությունը կանգ չի առել», - գրել է նա, - «Մշտական գործողությունները շարունակվում են ամբողջ երկրում»։
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «անհրաժեշտ պարագաների մատակարարմանն առաջնահերթություն տալու կառավարության որոշման համաձայն»՝ բոլոր տեսակի սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանումն արգելվել է «մինչև հետագա ծանուցում» ստանալը։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Թեհրանում հարված է հասցրել, որի թիրախում է եղել իրանցի բարձրաստիճան հրամանատար:
Բանակը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել կարճ ժամանակ առաջ, սակայն անմիջապես չի տրամադրել լրացուցիչ մանրամասներ թիրախի ինքնության մասին։
ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ Իսրայելի և ԱՄՆ ռազմական գործողությունների արդունքում իրենց հաջողվել է վերացնել Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությանը:
«Նրանք ուզում են բանակցել։ Ես ասացի՝ չափազանց ուշ է»,- գրել է Դոնալդ Թրամփը, որ ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն զինամթերքի «անսահմանափակ պաշար» ունի պատերազմելու համար։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի վրա հարձակումների հետևանքով Իրանի Բուշերի ատոմակայանը սպառնալիքի տակ է, ինչպես հաղորդում է RIA-ն, զգուշացրել է Ռուսաստանի պետական միջուկային կորպորացիայի՝ «Ռոսատոմի» ղեկավարը:
Շաբաթ «Ռոսատոմը» հայտարարեց, որ Իրանից տարհանել է մոտ 100 մարդու, չնայած իր անձնակազմը մնացել է նավահանգստային քաղաքում գտնվող և Ռուսաստանի կողմից կառուցված ատոմակայանում, որն Իրանի միակ գործող ատոմակայանն է։
Reuters-ը կադրեր է հրապարակել, որոնք վկայում են, որ Նաթանզի ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտի մուտքը հարձակման է ենթարկվել: Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն այսօր հաստատել է այս տեղեկությունը:
Այսօր կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի հեռախոսազրույցը։
Դրա ընթացքում Ռուսաստանի վարչապետը իր երախտագիտությունն է հայտնել պաշտոնական Բաքվին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանն օժանդակելու համար։
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք, ըստ Իսրայելի բանակային ռադիոյի, թիրախավորել են «Հեզբոլա»-ի առաջնորդների հանդիպումը այդ տարածքում։
Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ առանց նախնական նախազգուշացման իրականացված ռմբակոծությունները «շենքերին մեծ վնաս են հասցրել»: France-Presse լրատվական գործակալության կադրերում երևում են տարածքից բարձրացող ծխի ամպեր։
Իրանը Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ պատերազմի սկսվելուց ի վեր 186 հրթիռ և 812 անօդաչու թռչող սարք է արձակել, հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակը:
Հրթիռիից 172-ը ոչնչացվել են, որոնցից 13-ը՝ ծովում, մեկ հրթիռը հարվածել է երկրի տարածքին:
Երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հսկել են 812 իրանական անօդաչու թռչող սարք, որոնցից որսացել են 755-ը:
Բահրեյնն իր հերթին հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը վերջին պատերազմի սկզբից ի վեր ոչնչացրել են Իրանի կողմից արձակված 73 հրթիռ և 91 անօդաչու թռչող սարք։